Մինչև 2050 թվականը Չինաստանի քաղաքացիների յուրաքանչյուր տասից մեկը կարող է տառապել դեմենցիայով (թուլամտություն), որի հիմնական պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է: Այս ֆոնին երկրի իշխանությունները սկսել են հիվանդության դեմ պայքարի արշավ, հաղորդում է South China Morning Post-ը:
Թերթը, հղում անելով նախկինում հրապարակված գիտական ուսումնասիրությանը, կանխատեսում է, որ մինչև 2050 թվականը Չինաստանի բնակիչների թիվը, որոնք տառապում են դեմենցիայի որևէ ձևով, կհասնի 115 միլիոնի:
«Այս թվերը նշանակում են, որ մինչև 2050 թվականը քաղաքացիների գրեթե յուրաքանչյուր տասից մեկը կարող է տառապել այս՝ ներկայումս անբուժելի ուղեղի խանգարումով, որի հիմնական պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է», – գրում է հրատարակությունը:
Չինաստանում դեմենցիայի դեպքերի ամենաարագ աճն է գրանցվում. վերջին 30 տարիների ընթացքում երկրում ախտորոշված դեպքերի թիվը եռապատկվել է:
Թերթը հաղորդում է, որ Չինաստանը մոբիլիզացնում է առաջատար գիտական հաստատություններին, խոշոր կենսատեխնոլոգիական ընկերություններին և փորձագետներին՝ հիվանդության բուժման մեթոդների մշակումը արագացնելու համար: Մարտի վերջին Պեկինում մեկնարկել է «Ալցհեյմերի հիվանդության բուժման համար նոր կենսաբանական դեղամիջոցներ մշակելու» ազգային նախագիծը: Դրա շրջանակներում Չինաստանը նախատեսում է մշակել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար նախատեսված չորս օրիգինալ դեղամիջոց։
Թերթը նախկինում գրել էր, որ չինացի գիտնականների տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մարդու օրգանիզմ դեղեր ներմուծել՝ օգտագործելով աչքի կաթիլներ, որոնք պատրաստված են խոզի սերմից ստացված էկզոսոմներից, կարող է օգտագործվել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար։

























































































