Կոալիցիոն շահը բյուջեից կարևոր է. Դավիթ Լոքյանի համար պաշտոն ստեղծեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, կառավարության այսօրվա որոշմամբ` առանձնացվեցին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները: Վաղն այս որոշումը պետք է ներկայացվի ԱԺ արտահերթ նիստին: Ինչպես հայտնի է, տարածքային կառավարման նախարարությունը կոալիցիայի ձևավորումից հետո տրվելու է դաշնակցականներին, իսկ նախարարն էլ կլինի Դավիթ Լոքյանը:

Արտակարագ իրավիճակների նախարարությունը կշարունակի գլխավորել Արմեն Երիցյանը:

Չնայած ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը դեռևս պաշտոնապես չի ստորագրվել, սակայն կառավարության այսօրվա որոշումը դրա առաջին քայլն էր: Նախագիծն այսօր կառավարությանը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով նշեց որ տարանջատման որոշում կայացնելու անհրաժեշտությունն առաջացել է քաղաքական համագործակցության արդյունքում: Ստացվում է` իշխանությունները չեն էլ թաքցնում, որ նման կերպ պորտֆել են ստեղծում Լոքյանի համար:

Նշենք, որ այս երկու նախարարությունների միացման մասին որոշումը կատարվել էր ոչ վաղ անցյալում` ավելի քան մեկ տարի առաջ` 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ  ՀՀ նախագահի հրամանագրով` արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվեց և միացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը։ Միացյալ նախարարությունը կոչվեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն: 2010-ից ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն էլ վերանշանակվեց միացյալ նախարարության ղեկավար։ Նման որոշման անհրաժեշտություն էլ այն ժամանակ առաջացավ այն բանից հետո, երբ հրաժրական տվեց փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Այն ժամանակ երկու նախարարությունների միացումն իշխանությունների մեկնաբանում էին օպտիմալացմամբ: Նրանց խոսքով` երկու կառույցների միաձուլումը կնպաստի բյուջեի միջոցների ավելի խնայողական օգտագործմանը: Իհարկե, կարծիքները տարբեր էին, սակայն, ի վերջո, հաղթեց մեծամասնության կարծիքը, և նախարարությունները միացվեցին: Եվ ահա, ավելի քան մեկ տարի անց կրկին տարանջատում են… թերևս այդպես է պահանջում կոալիցիոն շահը:




Լրահոս