Քաղաքացին «խաբվել» է. ազատել են աշխատանքից՝ առանց տեղյակ պահելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին է դիմել Երեւանի 76-ամյա բնակիչ Շաքրո Մուրադյանը` բողոքելով, որ երկար տարիներ «Հայաս-Գրուպ» ԲԲԸ-ում որպես պահակ աշխատելուց հետո ինքը «խաբվել» է ընկերության կողմից:
Քաղաքացին պատմում է, որ ինքը 2005 թվականից մինչեւ 2014 թվականն աշխատել է «Հայաս-Գրուպ» ԲԲԸ-ում որպես պահակ: «Ես 2014 թվականի սեպտեմբերին արձակուրդի մեկնելու դիմում ներկայացրեցի: Գնացի արձակուրդ այն հույսով, որ հետ գալիս աշխատավարձ կստանամ: Բայց երբ վերադարձա, աշխատավարձ չկար, չտվեցին: Փոխարենը՝ ասեցին, որ այլ աշխատող են գտել: Այսինքն՝ առանց տեղյակ պահելու՝ ինձ ազատել են աշխատանքից: Բայց իմ աշխատանքային գրքույկում նշել են, որ ես ազատվել եմ աշխատանքից իմ սեփական դիմումի համաձայն: Մինչդեռ, ես դիմում գրել եմ միայն արձակուրդի մեկնելու, այլ ոչ աշխատանքից ազատվելու համար»,-պատմեց Շ. Մուրադյանը:

Այնուհետեւ տուժած քաղաքացին գնացել է ընկերություն եւ պահանջել իրեն տալ իր վերջնահաշվարկը: Սակայն ընկերության տնօրինությունը ձգձգել է եւ միայն 8 ամիս անց է քաղաքացուն տվել ընդամենը 76 հազար դրամ: «Այնինչ, իրենք, իմ հաշվարկներով, ինձ պետք է տային 115 հազար դրամ: Ես ոչ թե փողի համար եմ պայքարում, այլ՝ ազնվության եւ իմ իրավունքների համար: Իրենք ոտնահարել են իմ իրավունքները: Մտքիցս դուրս չի գալիս իրենց պահվածքը»,- զայրացած նկատեց 76-ամյա քաղաքացին:

«Ժողովուրդ»-ն ընկերության հաշվապահ Ռոբերտ Ցագանովից հետաքրքրվեց քաղաքացի Մուրադյանին աշխատանքից ազատելու պատճառների մասին:
Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքացին աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել, սակայն աշխատանքային գրքույկում նշված է, որ նա ազատվել է՝ իր սեփական դիմումի համաձայն, հաշվապահը պատասխանեց. «Գնացել է արձակուրդի ու ազատվել աշխատանքից: Ընկերությունն իրավունք ունի ազատի»:
Թե որ օրենքի որ կետի համաձայն ընկերությունն իրավունք ունի ազատել իր աշխատակցին՝ առանց ազատման դիմումի եւ աշխատակցին տեղեկացնելու, ընկերության հաշվապահը դժվարացավ մատնանշել: Միայն ասաց հետեւյալը. «Ինքը թոշակառու է եւ այն վիճակում չէ, որ կարողանա աշխատել»: Իսկ վերջնահաշվարկի հետ կապված էլ նշեց, որ քաղաքացուն տրվել է այնքան գումար, որքան նա աշխատել է:
Նկատենք, որ միայն անբարեխիղճ ղեկավարները կարող են նման կերպ վարվել իրենց աշխատակիցների հետ: Հուսանք, որ աշխատանքի պետական տեսչությունն անպատասխան չի թողնի քաղաքացու բողոքը եւ կարձագանքի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս