ԲՀԿ-ում հեղափոխական տրամադրություննե՞ր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ԲՀԿ-ում, կարծես թե, արշալույսները խաղաղ չեն. կուսակցության ներսում առկա են լուրջ տարաձայնություններ` կապված ԲՀԿ-ի` կոալիցիա մտնելու հնարավորության հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բազմաթիվ ազդեցիկ ԲՀԿ-ականների տեսակետները չեն համընկնում ԲՀԿ առաջնորդի տեսակետի հետ: Նրանք չեն ցանկանում համակերպվել Զոհրաբյանի` կոալիցիա չմտնելու տեսակետի հետ եւ փորձում են կուսակցության տարածքային կառույցների միջոցով ներկուսակցական հեղաշրջում իրականացնել:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, տեղեկություններ կան, որ ներկայումս ԲՀԿ-ում ֆինանսական լուրջ խնդիրներ կան, ինչի արդյունքում մի շարք տարածքային կառույցներ առաջիկայում փակվելու են: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:

-Ո՛չ, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ԲՀԿ-ում ֆինանսական որեւէ խնդիր չկա, տարածքային կառույցները ինչպես ֆինանսավորվել են նախկինում, այնպես էլ շարունակվում են ֆինանսավորվել:Այլ հարց է, որ համազգային շարժման փուլում ամբողջ ՀՀ-ում մեր կենտրոնական գրասենյակներին կից նաև ենթաշտաբներ էինք բացել եւ հիմա քննարկում ենք որոշ ենթաշտաբերի օպտիմալացման հարցը:

Չի բացառվում, որ 1-2 ենթաշտաբեր միավորվեն իրենց համայնքի կենտրոնական շտաբին: Մենք քննարկում ենք տարածքային մեր կառույցների աշխատանքն առավել օպտիմալ եւ արդյունավետ դարձնելու հարցը, եւ այդտեղ որեւէ ինտրիգ, առավել եւս, ֆինանսների հետ կապված խնդիր փնտրելն անիմաստ է։

-Այնուամենայնիվ` տեղեկություններ կան, որ մի շարք տարածքային կառույցների աշխատավարձների վճարումն ուշացվում է, եւ կառույցի ղեկավարները դժգոհություններ ունեն ֆինանսկան խնդիրների հետ կապված:

-Ես խնդրում եմ եւ հորդորում եմ ձեր թերթի միջոցով, որ այն տարածքային կառույցներում, որտեղ իսկապես նման խնդիր կա, դիմեն ինձ։ Ես պարբերաբար հանդիպում եմ տարածքային մեր կառույցների պատասխանատուների հետ եւ որեւէ մեկը ինձ նման խնդիր չի ներկայացրել։ Գիտեք, որ տարածքային կառույցների մեր աշխատանքները կոորդինացնում են Վարդան Վարդանյանը եւ Աբրահամ Մանուկյանը, եւ ես չեմ կարծում, որ որեւէ տարածքային կառույց իր ֆինանսավորումը ժամանակին հասած չլինի։

Բնականաբար, ես Ձեր տեղեկատվությունը ընդունում եմ ի գիտություն, եւ Վ. Վարդանյանի ու Ա. Մանուկյանի հետ կքննարկեմ դա։ Ֆինանսավորումը կատարվում է կուսակցության ֆոնդից, եւ չեմ կարծում, որ ԲՀԿ ներքին խոհանոցը մամուլի քննարկման նյութ պիտի լինի։ Կարծում եմ՝ առաջիկայում մենք մեր գործընկերների հետ կվերանայենք նաեւ ֆինանսավորման հետ կապված զուտ տեխնիկական որոշ հարցեր եւս։

-Իսկ արդյոք կուսակցությունում վերջին շրջանում սրված տարաձայնությունների պատճառը ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու որոշումը չէ՞, որը, ի հեճուկս շատ ԲՀԿ-ականների, կայացվեց անձամբ Ձեր ջանքերի շնորհիվ:

-Գիտեք, կոալիցիայի թեման ավելի շատ գեներացվեց մամուլի միջոցով։ ԲՀԿ-ում, այո, եղել է նշյալ թեմայով քննարկում, եղել են տարբեր կարծիքներ, ինչը միանգամայն բնական է։ Սրված տարաձայնություններ ԲՀԿ-ում չկան։ Հասկանում եմ, որ մամուլի համար լավ կլիներ, որ ԲՀԿ-ում արմագեդոն լիներ, քանզի գրելու առատ թեմա կլիներ, սակայն իրականությունը բոլորովին այլ է։

Առավել եւս, այդ քննարկումները, որ եղան ու անցան, որեւէ կապ չունեն ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքները օպտիմալացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու մեր օրակարգի հետ։ Կրկնում եմ՝ մեր բոլոր 68 տարածքային կառույցները ինչպես գործել են, այնպես էլ շարունակում են գործել, եւ եթե կան խնդիրներ, վստահ եմ, որ աշխատանքային կարգով դրանք բոլորը լուծելի են։

-Չե՞ք կարծում, որ վերջերս ԲՀԿ-ում տարակարծությունները չափազանց շատացել են, վտանգ չեք տեսնո՞ւմ, որ այս կերպ հնարավոր է՝ կուսակցությունը պառակտվի:

-Ո՛չ, չեմ կարծում, որովհետեւ ցանկացած կուսակցության ներսում կան, ու բնական է, որ լինեն տարբեր կարծիքներ, տեսակետներ: ԲՀԿ-ն սիամական երկվորյակների կուսակցություն չէ, որ բոլորս մի կերպ մտածենք ու գործենք։ Սակայն շատ կարեւոր է, որ ունենալով անգամ տրամագծորեն հակառակ կարծիքներ այս կամ այն հարցի վերաբերյալ՝ մենք հարգենք միմյանց տեսակետն ու առաջնորդվենք մեծամասնության ձայնի քվեով։ Ես, իհարկե, շոյված եմ ԲՀԿ-ի հանդեպ մամուլի նման ընդգծված ուշադրությունից, բայց այդքան մի անհանգստացեք՝ ԲՀԿ-ն կա ու դեռ շատ երկար ժամանակ լինելու է ՀՀ-ի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը։

-Իսկ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Ա. Մանուկյանի եւ Ձեր միջեւ խնդիրներ կան, եւ պրն Մանուկյանը փորձում է տարածքային կառույցների միջոցով Ձեր դեմ սաբոտաժ կազմակերպել։

-Գիտեք, Ա. Մանուկյանը եւ ես կարող ենք ունենալ եւ ունենք տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ, ու դա եւս միանգամայն բնական է, եւ ես այդտեղ որեւէ ողբերգություն չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է դավադրությունների տեսությանը, ապա արդեն ասացի, որ որեւէ տարածքային կառույցում նման հեղափոխական տրամադրություններ չեմ տեսել։ Այո, որոշ տարածքային կառույցներում եղել են քննարկումներ, կարծիքներ, որ միգուցե ճիշտ էր կոալիցիա կազմելը, դա եւս մոտեցում է, եւ ես հարգում եմ իրենց դիրքորոշումը։

Սակայն պնդում եմ, որ կուսակցության ապագայի, վարկանիշի, հեռանկարի համար միակ ճիշտ ճանապարհը 2017-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն է։ Ես վստահեցնում եմ, որ մեր բոլոր 68 տարածքային կառույցների պատասխանատուներն ու ակտիվը արժանապատիվ մարդիկ են եւ հասկանում են, որ որեւէ պաշտոն ավելին չի կարող լինել, քան կուսակցության ապագան ու դրան հասնելու գրագետ եւ ճիշտ քայլերը, ինչի համար շնորհակալ եմ բոլորից:

Արփինե Թովմասյան




Լրահոս