ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԸ ԾԵՐԱՑՈՂ ՏԱՐԱԾՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունների գործունեությունն ամենացայտուն կերպով արտացոլվում է երկրի բնակչության թվաքանակի մասին պաշտոնական ցուցանիշներում: «Ժողովուրդ»-ը նախկինում արդեն արձանագրել էր, որ այս տարվա հունվարի 1-ին բնակչության թիվը առաջին անգամ 3 միլիոնից պակաս է կազմել: 1979 թվականից հետո առաջին անգամ է Հայաստանի մշտական բնակչության թիվն այդքան նվազել: Սակայն առավել վտանգավոր է այն իրողությունը, որ Հայաստանի առանձին մարզեր, ըստ պաշտոնական վիճակագրության, այլեւս դարձել են ծերացող բնակչությամբ տարածքներ ընդամենը: Մասնավորապես, Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը ընդամենը 5 է: Այսինքն՝ 125 հազար բնակիչ ունեցող մարզում ծնված երեխաների թիվն ընդամենը 5-ով է ավել եղել մահացած մարդկանց թվից: Ի դեպ, այս ցուցանիշը հենց նոր չի ի հայտ եկել: Անցած տարիներին Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը տարեցտարի հետեւողականորեն նվազել է: Այսինքն՝ այսօրվա ցուցանիշը լիարժեք կանխատեսելի է եղել: Բնակչության թվի զրոյական աճին են մոտեցել նաեւ Վայոց ձորի, Սյունիքի եւ Լոռու մարզերը:
Մոտալուտ ողբերգության մասին նախազգուշացնող, վերը բերված տվյալներն ուղղակի ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, որով նա իր գլխավորած իշխանությունների գործունեության դրական արդյունք էր խոստանում, իրականում հեքիաթի ժանրից է: Ու կարծես թե այս իրողությունը Սերժ Սարգսյանին ոչ էլ անհանգստացնում է: Նա իր պաշտոնավարման երկարուձիգ երկու տասնամյակի ընթացքում բազմիցս ապացուցել է, որ կարող է խոստումներ տալ ու չկատարել:

 

 
ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի ձեւավորման ձգձգվելու արդյունքում մի շարք նախարարությունների եւ մարզպետարանների գործունեությունը, կարել է ասել, կազմալուծվել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բոլոր այն նախարարություններում, որոնց նախարարի պաշտոնները տրվելու են Դաշնակցությանը, հայեցողական եւ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները կա՛մ արձակուրդներ են վերցնում, կա՛մ լավագույն դեպքում գնում են, ներկա ստանում եւ ոչինչ չանելով՝ հեռանում: Նույն սպասողական իրավիճակն է տիրում նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետարաններում: Գործող մարզպետների թիմակիցները, որոնց նոր մարզպետը կարող է առանց դժվարության պաշտոնանկ անել, «իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ուրբաթ օրը նախագահն իր մոտեցումները՝ ապագայի հետ կապված, բարձրաձայնեց, իսկ մնացած բոլոր հարցերը մասնավոր դեպքեր են: Կոալիցիոն փաստաթուղթը համարյա թե վերջնական է, մասնավոր դեպքերը շուտով կհստակեցվեն»:

 

 

 
ԱԱԾ տնօրենի նշանակման կարգը 2003-ին Ռոբերտ Քոչարյանը փոխեց, որպեսզի հանկարծ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները կոալիցիոն սկզբունքով գործընկերները չպահանջեն: Ու թվում էր, թե ներդրված կարգը հնարավորություն չի տալիս այդ կառույցի ղեկավարի պաշտոնում «դրսից» մարդ նշանակել: Բայց Սերժ Սարգսյանն այդ ընկալումը վերացրեց: ԱԱԾ-ում չաշխատած մարդուն այդ կառույցի ղեկավարի պաշտոն վստահելով՝ նա այդ գերատեսչության ներկա անձնակազմին փաստացի հասկացրեց, որ իրենց կարիերայի համար կարեւորը ոչ թե երկար տարիներ ծառայելն է, այլ Սարգսյանի ընտանիքի հետ ընկերական հարաբերություններ ունենալը: Զինվորական պաշտոնում քաղաքացիական ծառայողին նշանակելը, պարզվում է, իրավական տեսանկյունից եւս խնդրահարույց է: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ՀՀ վարչական դատարանում բողոքարկել է Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին հրամանագիրը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել: Կասկածից վեր է, որ դատարանն այն կհրաժարվի քննարկել՝ շառից-փորձանքից հեռու լինելու համար:

 

 

 
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, հնարավոր է, առաջիկայում պաշտոնանկ արվի եւ այլեւս նոր պաշտոնի չնշանակվի: Նրա պաշտոնանկության համար կարող է հիմք դառնալ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը: Բանն այն է, որ բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ Արամ Հարությունյանի՝ ՀՀ Կոտայքի մարզպետ աշխատելու շրջանում տեղի սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցները պետական բյուջեի միջոցները, մեղմ ասած, վատնել են: Իհարկե, ՎՊ-ի ստուգումներից հետո հայտնաբերված խախտումներով գրպանված գումարները գործող մարզպետի՝ Կարո Գուլոյանի միջամտությամբ վերադարձվել են պետբյուջե, սակայն, ըստ լուրերի, այդքանով խնդիրը չի լուծվել, քանի որ կատարված հանցանքը շատ ավելի մեծ է: ՋԿ պետի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արամ Հարությունյանն իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը որպես հիմարություն է որակում:

 

 

 
ՉՈԳԵՎՈՐՈՂ

ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Նախ` նա բավականին սառը եւ զուսպ պատասխան է տվել ադրբեջանական կողմի այն հարցադրմանը, թե ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցի չեղարկման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը հիմնապատճառ համարող Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանն այլեւս չի ցանկանում բանակցություններ վարել միջնորդների հետ.«Որպես միջնորդներ՝ մենք խաղաղության միակ ճանապարհը տեսնում ենք բանակցությունների մեջ: Կարգավորման տարրերի քննարկումները շարունակելու համար մենք միշտ պատրաստ ենք հանդիպել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ»,- ասել է Ուորլիքը` այդպիսով ակնարկելով, որ Մամեդյարովին եւ ադրբեջանական կողմին, ինչպես ասում են, «վպՍցՊՈ ՊպՉՈՑՖրÿ», եւ իրենք առանձնապես չեն պատրաստվում խնդրել-աղաչել, որ Բաքվում իրենց ընդունեն:
ԱՄՆ կողմից ադրբեջանական հիստերիաներն անուշադրության մատնելու եւս մեկ դրսեւորում էր նաեւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական պատասխանը Բաքվին` կապված այն հարցի հետ, թե ինչ դերակատարություն էր ունեցել Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նյուլանդը` Ռոբերտ Ուոլթերի հակահայկան զեկույցի չեղարկման հարցում: Ադրբեջանի կողմից ԼՂ հարցի բարձրաձայնման իրավունքը արձանագրելով հանդերձ` Պետդեպը ընդգծում է, որ Մինսկի խումը բոլոր կողմերի համար ընդունելի միակ բանակցային ձեւաչափն է` այդպես էլ չհերքելով Նյուլանդի մասնակցությունը տխրահռչակ այդ զեկույցի չեղարկման գործում:
Գրեթե նույնաբովանդակ պատասխան տալով ԵԽԽՎ-ւմ հակահայկական զեկույցի տապալման մասին հարցին` Ջեյմս Ուրլիքը եւս մեկ անգամ թվարկում է հիմնարար երեք սկզբունքները` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում, միեւնույն ժամանակ շատ լակոնիկ եւ հստակ ձեւակերպելով բանակցությունների առարկան. «գրավված տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացումը»:
Իհարկե, Ուորլիքը որեւէ նոր բան չի ասում, եւ սրանով, փաստորեն, եւս մեկ անգամ արձանագրվում է, որ հայկական կողմը «Մադրիդյան սկզբունքներ»-ի ընդունումից ի վեր բանակցում է ազատագրված տարածքները հնարավորինս «թանկ գնով» հանձնելու համար: «Ոչ մի թիզ հող թշնամուն» մոտեցման կողմնակիցների համար սա, իհակե, խայտառակ մոտեցում է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդպիսի մոտեցման կողմնակից քաղաքական գործիչներին արդեն կարելի է երկու ձեռքերի մատների վրա հաշվել /ի տարբերություն 98թ.-ի/: Ուստի Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացման մասին առավել հստակ եւ հաճախակի հայտարարությունները, թերեւս, կարելի է առաջընթաց համարել:




Լրահոս