ԲՀԿ-ԱԿԱՆ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թվականի հունիսի 6-ին ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել:
Պատճառն այն է, որ նա հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնական կեղծիք է կատարել եւ չարաշահել պաշտոնական դիրքը: Հիշեցնենք, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի դեմ նույնպես քրեական գործ է հարուցվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար: Ի՞նչ է կատարվում Վայոց Ձորի մարզպետարանում, ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով “Ժողովուրդ”-ը զրուցեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ:
-Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է հատուկ քննչական ծառայությունում: Հիմա իրավասու չեմ այդ գործի հետ կապված որեւէ մեկնաբանություն կամ տեղեկատվություն տալ, քանի որ այդ տեղեկությունը կամ պարզաբանումը կարող է Ձեզ տալ միայն այն մարմինը, որն այդ գործն ընդունել է վարույթ:
-Ձերբակալված անձնավորությունը մարզպետարանի նախկի՞ն աշխատակից է, թե՞ նոր եք ընդունել:
-Չէ՛, ինքը շատ վաղուցվանից է աշխատում Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմում:
-Ի՞նչ եք կարծում, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ձերբակալումը որեւէ առնչություն ունի՞ նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործին:
-Այո՛, դրա հետ է կապված, քանի որ 2012թ. քրեական գործ էր հարուցված, եւ այդ գործի շրջանակներում է նա ձերբակալվել: Կրկնում եմ՝ ես հիմա ինձ որեւէ իրավունք չեմ վերապահում տրամադրել այլ տեղեկություն:
-Տեղի ունեցած չարաշահման մասին ե՞րբ եք իմացել:
-Մենք չենք իմացել չարաշահման մասին, իրավապահներն են իմացել:
-Այսինքն՝ իրավապահները տեղյակ են եղել, որ չարաշահումներ են կատարվել, սակայն նա բացահայտումից հետո շարունակել է պաշտոնավարե՞լ մարզպետարանում:
-Այո՛: Երբ նրան ձերբակալեցին, մենք իմացանք, եւ հետո խափանման միջոցը փոխվեց երկամսյա կալանքի:
Դուք 2012թ.  հունիսի 22-ից Վայոց Ձորի մարզպետ եք նշանակվել: Ձեր պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ կամ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքեր նշված պետի կողմից նկատե՞լ եք: Ի վերջո, նա նաեւ Ձեր ենթական է եղել:
-Չեմ նկատել:
-Հաշվի առնելով այն փաստը, որ նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նաեւ նրա աշխատակիցներն են այս օրերին կալանավորվում, ի՞նչ եք կարծում, շղթան երկա՞ր կլինի: Սերգեյ Բագրատյանի թիմակիցները շա՞տ են: 
-Մարզպետարանի աշխատակազմում իրականացվում է քաղաքացիական ծառայություն: Քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնյաները պաշտոնավարել են եւ պաշտոնավարում են երկար ժամանակ: Ես ինքս ոչ մի քաղծառայողի չեմ պաշտոնազրկել: Մեզ մոտ, մարզպետի փոփոխության հետ պայմանավորված, որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել կադրային՝ այն էլ նեղ հայեցողական պաշտոնյաների դեպքում, այսինքն՝ մարզպետի օգնական, խորհրդական:
-Կարո՞ղ է առաջիկայում այլ ձերբակալումների մասին լսենք:
-Ինչի՞ համար, հո հենց այնպես տեղը քրեական գործեր չե՞ն հարուցում: Գիտեք, այդ մեկ օրինակ կալանավորումը որ ունենք, ոչ թե մարդու դեմ ուղղված գործողություններ են, այլ երեւույթի: Եթե այդ բնագավառներում այլ աշխատակիցների աշխատանքում նման բաներ չեն արձանագրվել, ինչո՞ւ պետք է շարքը շարունակվի:
-Արդեն մեկ տարի է՝ պաշտոնավարում եք. ըստ Ձեզ՝ ինչի՞ հետեւանք են նման չարաշահումների դեպքերը:
-Գործը գտնվում է դեռեւս նախաքննության փուլում: Դատարանի կողմից ոչ ոք չի մեղադրվել, ուսումնասիրում են, որպեսզի պարզեն, թե ինչ չարաշահումներ են եղել կամ եղել են արդյոք ու ինչին են վերաբերել: Ես այստեղ ոչ մի անձնավորված բան չեմ նկատում:
-Ներկա պահին Վայոց Ձորի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնը թափուր է. արդեն թեկնածուներ կա՞ն, որեւէ մեկին նշանակե՞լ եք:
-Պաշտոնը թափուր չէ, քանի որ առայժմ Բաբկեն Մկրտչյանը չի ազատվել իր պաշտոնից: Կա վարչության պետի տեղակալ, որը քաղծառայության իր պաշտոնի անձնագրով նման դեպքերում ժամանակավոր փոխարինում է վարչության պետի պաշտոնում: Սպասենք վերջնական որոշմանը եւ հետո նոր կիրականացնենք համարժեք քայլեր:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 561 համար




Լրահոս