ԿՀԱՆԴԳՆԻ ԱՐԴՅՈՔ ՈՐԵՎԷ ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուներ առաջադրելու համար պայքարը ներկուսակցական հարթակում թեւակոխում է արագ տեմպերի փուլ: Փետրվարի վերջին եւ մարտի սկզբին ԱՄՆ-ում ներկուսակցական քվեարկություններ են նախատեսված առավել քան 20 նահանգներում: Նախնական հարցումները նահանգներում խիստ բազմազան են: Ընտրողները զգալիորեն կողմնորոշված չեն, թեեւ հանրապետականների ճամբարում Թրամփը լուրջ առավելություն ունի մրցակիցների նկատմամբ, իսկ դեմոկրատների մոտ Քլինթոնը թվում է անհաղթելի: Այս երկրի ընտրությունների առանձնահատկություններից են թեկնածուներին հայտնվող բազմազան աջակցությունները, ինչը Հայաստանի համար բավականին խորթ երեւույթ է:

Դեռեւս նախորդ շաբաթ օրը Հվ. Կառոլինայում կայացել էր հանրապետականների բանավեճը, որին մասնակցել էին 6 թեկնածուներ: Հարկ է նկատել, որ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի համար ի սկզբանե պայքար էին սկսել 17 թեկնածուներ, որոնք աստիճանաբար լքեցին արշավը: Առայժմ վերջինը ընտրապայքարից դուրս եկավ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիստին, որը Նյու Հեմփշիրում հավաքած 7 տոկոս ձայնով համարեց, որ միասնական թեկնածու դառնալու իր շանսերն արդեն զրոյական են: Սա ԱՄՆ-ում քաղաքական գործընթացների հետաքրքիր յուրահատկություններից է, երբ թեկնածուն՝ տեսնելով, որ հնարավորություն չունի առաջինը լինելու, հապճեպորեն լքում է ընտրարշավը: Մի բան, որ Հայաստանում, օրինակ, չես տեսնի: Հարկ է հավելել, որ շաբաթ օրվա բանավեճը նոր փոթորիկ առաջացրեց Հանրապետական կուսակցության ներսում: Առաջատար համարվող Դոնալդ Թրամփը բանավեճի ընթացքում ներքաշվեց կոշտ լեզվակռվի մեջ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի եւ Թեքսասի սենատոր Թեդ Քրուզի հետ: Առաջինին Թրամփը գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցրեց` մեղադրելով ներգաղթյալների հանդեպ թույլ քաղաքականություն առաջարկելու մեջ, ինչպես նաեւ անարգանքի սյունին գամեց նրա եղբորը` 43-րդ նախագահ Ջորջ Բուշին` 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը չկանխելու եւ 2003-ին Իրաք ներխուժելու համար:
Թրամփի հարձակումը, վերլուծաբանների գնահատմամբ, անակնկալ էր, սակայն հաշվի առնելով, որ երկուշաբթի օրը Բուշն իրեն աջակցելու էր հրավիրել եղբորը, Թրամփի քննադատությունը, որին Ջեբ Բուշը նույնօրինակ պատասխան տալ չկարողացավ, զգալիորեն նվազեցրեց նախկին նախագահի սատարման ազդեցությունը: Ջորջ Բուշի մեծ հեղինակությունը նահանգում կարող էր վճռորոշ լինել, ուստի Թրամփի հարձակումը լիովին հիմնավորված էր եւ տեղին, ու կարծես թե հասավ իր նպատակին: Ի դեպ, հարցումներով իրեն հաջորդող Քրուզին էլ Թրամփը բացեիբաց ստախոս անվանեց: Ընդհանրապես, Թրամփի ագրեսիվ կեցվածքը ոչ ոքի համար գաղտնիք չէ, սակայն վերլուծաբանները չէին կարծում, որ միլիարդատեր գործարարը ակտիվորեն կներգրավվի վիրավորանքներով, մշտական ընդհարումներով ու անվանարկումներով լեցուն երկխոսությունների մեջ` հաշվի առնելով նրա ամուր դիրքը եւ ավելի քան 15 տոկոսի առավելությունը, որ նա ունի երկրորդ տեղին հավակնող Քրուզի նկատմամբ:
Հատկանշական է, որ այս անգամ փետրվարի 20-ին հանրապետականները կքվեարկեն Հվ. Կառոլինայում, իսկ փետրվարի 23-ին` Նեւադայում: Մինչդեռ դեմոկրատների փետրվարի 20-ի քվեարկությունը կկայանա Նեւադայում, 23-ին` Հվ. Կառոլինայում: Այստեղ դեմոկրատներից առաջին տեղը զբաղեցնելու իրական շանսեր ունի Հիլարի Քլինթոնը, որը հարցումներով առաջ է իր միակ մրցակից Բերնի Սանդերսից ավելի քան 15 տոկոսով: Ի դեպ, ամերիկյան լրատվամիջոցների ուշադրությունը գրավել էր Հիլարի Քլինթոնի ծաղրանքը հանրապետականների հանդեպ, երբ նախագահի թեկնածուն շան նման հաչոցներ էր արձակել` ակնարկելով, որ հանրապետականների քննադատությունն իր հասցեին նույն նշանակությունն ունի:
Կարծիք կա, որ հատկապես Հվ. Կառոլինայի քվեարկությունը լրջագույն ազդեցություն կունենա հանրապետականների ընտրապայքարի վրա: Եթե Ջեբ Բուշը չկարողանա երրորդ տեղը վերցնել կամ առնվազն բարձր դիրք գրավել Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ նույն էլեկտորատի աջակցությունն են որոնում, ապա կարելի է նախկին նախագահի եղբոր` միասնական թեկնածու դառնալը բացառել: Այս նահանգի քվեարկություններում նախորդ փուլերում հաղթել են հենց Բուշերը` 1988թ. Ջորջ Բուշ ավագը, իսկ 2000թ.-ին` Ջորջ Բուշ Կրտսերը: Բայց եւ այնպես, բանավեճի ժամանակ Թրամփի հարվածները, թվում է, լուրջ ազդեցություն են ունեցել ընտրողների տրամադրությունների վրա: Այդկերպ կարելի է բացատրել Հվ. Կառոլինայի նահանգապետ Նիկկի Հեյլիի հայտնած աջակցությունը ոչ թե Ջեբ Բուշին, ինչպես ակնկալվում էր, այլ Մարկո Ռուբիոյին: Տեղեկացնենք, որ Bloomberg-ի վերջին հարցումներով` Հվ. Կառոլինայում Թրամփը ստանում է 36, Քրուզը` 17, Ռուբիոն` 15, իսկ Բուշը` 13 տոկոս ձայն:
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ նահանգների ղեկավարները, քաղաքապետերը եւ այլ պաշտոնյաները կարող են սատարել տարբեր թեկնածուների, Հայաստանում նման պրակտիկա գոյություն չունի: Բացառված է, որ որեւէ մարզպետ կամ նրանից էլ ավելի ցածր պաշտոնյա հանդգնի սատարել որեւէ այլ թեկնածուի՝ բացի իշխանության ներկայացուցչից: Հավանաբար վերջին նման դեպքը տեղի է ունեցել 1996թ.-ին, երբ Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանը օժանդակում էր ընդդիմությանը` հանձին Վազգեն Մանուկյանի: Դրանից հետո բոլոր ընտրություններում որեւէ մարզում իշխանության թեկնածուի պարտությունը խիստ թանկ է նստել մարզպետի վրա: Այն պարագան, որ մարզպետները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում, զգալիորեն նվազեցնում է նրանց անկախությունը: Բնականաբար, ժողովրդավարության ու տեղական կառավարման նշանակության բարձրացման տեսնակյունից ճիշտ կլիներ, որ մարզպետները ընտրվեին, ինչը իրականում մեծ գլխացավանք կստեղծեր առաջին հերթին հենց իշխանության համար: Սերժ Սարգսյանն անգամ վերացրեց նախագահական ընտրությունները, էլ ուր մնաց ամեն մարզում հավելյալ ընտրության մեխանիզմ ներդներ: Սա ամերիկյան ու հայաստանյան ընտրությունների հերթական տարբերություններից մեկն է` ցավալիորեն ի առավելություն առաջինի:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳՈՇԻ «ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔԸ» ՉԻ ԿԱՐԴԱՑԵԼ
Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Սամվել Ալիխանյանը, 2012թ. նոյեմբերի 28-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ» տեղամասի 6-րդ պահաբաժնի տեսուչ եւ ստացել վարչատնտեսական գործառնույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ՝ լիազորություն ունենալով ազգային պարկի պահպանության ռեժիմի վերաբերյալ կազմել արձանագրություններ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. օգոստոսի 26-ին անձնական դրդապատճառներով՝ ազգային պարկի ղեկավարության մոտ աշխատանքները դրական ներկայացնելու շարժառիթով, անհայտ անձի կողմից ապօրինի հատված 2 հատ, ընդհանուր 192 հազար դրամ սակագնային արժեքով կաղնի տեսակի ծառերի վերաբերյալ կազմել է իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններով անտառխախտման արձանագրություն, որի համաձայն՝ ապօրինի անտառահատումը կատարել է Գոշ գյուղի բնակիչ Կամո Ամիրյանը: Սամվել Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքրի 314 հոդվածով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակներով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբակային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը): Սույն հոդվածը նախատեսում է 200-400 հազար դրամ տուգանք, կամ ազատազրկում առավելագույնը 4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հավանաբար, Ս. Ալիխանյանը չի կարդացել իր մեծ հայրենակցի՝ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», այլապես կիմանար, որ համագյուղացու վրա մեղք բարդելու համար պատիժ է սահմանված:

 

ՆՈՐ ԳՅՈՒՂԵ՞Ր ԵՆ «ԲՈՒՍՆԵԼ»
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ հատվածում տեղադրված է Վերին Ոսկեպար գյուղի անվանումով ցուցանակ: Սակայն Վերին Ոսկեպար գյուղ երբեւէ չի եղել, նշված տարածքում մինչեւ 1992թ. հունիսի 8-ը, մինչեւ Ադրբեջան տեղափոխվելը, ապրել են Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող, վարչականորեն Ադրբեջանի մաս կազմող Յուխարի Ասքիպարա գյուղի բնակիչները: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակին գրված է՝ Ն. Ոսկեպար, այսինքն՝ Ներքին Ոսկեպար: Ներքին Ոսկեպար անունով գյուղ եւս չի եղել, եղել է ադրբեջանական Աշաղի Ասքիպարա գյուղ, որտեղից մարտական գործողությունների հետեւանքով 1992թ. հունիսի 14-ին բնակչությունը հեռացել է: Հիմա այդ գյուղի տարածքում ադրբեջանական հենակետեր են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՄԵՂՐԻ ԳԵՏԻ ՉՈՐԱՑՄԱՆԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Գրին Փաուր» ՍՊԸ-ն 2015 թվականի նոյեմբերի 5-ին հայտով, իսկ 2016 թվականի հունվարի 11-ին եւ փետրվարի 16-ին գրություններով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ըստ որի՝ հանձնաժողովը փետրվարի 24-ին կայանալիք նիստին ընկերությանը կտրամադրի «Մեղրի-1» ՓՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ մինչեւ 2033 թվականի դեկտեմբերի 18-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 18-ը: ՀԾԿՀ-ի կողմից կհաստատվի նաեւ ընկերության «Մեղրի-1» ՓՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմանները: Նշենք, որ «Մեղրի-1» ՓՀԷԿ-ը գտնվում է Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի վարչական տարածքում՝ Մեղրի գետի վրա: Մինչ ՀԾԿՀ-ն ընկերությանը էլէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրում, այս ընթացքում, բնապահպանները ահազանգում են, որ «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի շինարարության եւ շահագործման ընթացքում շրջակա միջավայրը կվնասվի: Ըստ բնապահպանների՝ ՓՀԷԿ-ը տարեկան կշահագործվի 11 ամիս կամ 330 օր, եւ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ամռան ամիսներին Մեղրի գետը դառնում է խիստ սակավաջուր, եւ գետի ջուրը չի բավարարում ոռոգման համար: Եթե գետի սակավաջուր ամիսներին ՓՀԷԿ-ը գործի, ապա գետում մոտ 2 կմ տարածքում ընդհանրապես ջուր չի մնա: Բացի այս, «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտում ուսումնասիրված չէ ՓՀԷԿ-ի տարածքի տակ ընկնող կենսաբազմազանությունը եւ Մեղրի գետի ձկնաշխարհը:

Ս. Հ.




Լրահոս