Սերժ Սարգսյանը կարող է համարվել ռեկորդակիր, քանի որ նա հաջողացրել է իր գործունեության ողջ ընթացքում անընդհատ խոստումներ տալ եւ դրանք չիրագործել:
Ինչպես հայտնի է՝ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը խոստումների հերթական շարքը հնչեցրեց: Նա հայտարարեց, թե իր ղեկավարած իշխանությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ, տնտեսությունում ազատ մրցակցություն ապահովելու, արտոնյալներ չեն լինելու, մարդկանց իրավունքները հարգելու են ու այսպես շարունակ: Մի կողմ թողնենք, որ երբ այդ խոսքերը հնչում էին, դահլիճում գտնվող պաշտոնյաների առնվազն ութսուն տոկոսը մարդիկ էին, որոնք պետական պաշտոններում գտնվելով՝ միլիոնատեր են դարձել (դոլարով): Մոռանանք նաեւ այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր գործունեությամբ բազմիցս ապացուցել է, որ տնտեսական մրցակցություն ասվածն ինքն ուղղակի ատում է:
Իսկ ի՞նչ պետք է աներ Սերժ Սարգսյանը` ապացուցելու համար, որ իր խոսքի տերն է:
Համաձայնեք` դժվար է գտնել մեկին, որը, օրինակ` կհավատա, թե «ջեբկիրներով» շրջապատված եւ նրանց շնորհիվ ապրող մարդը գրպանահատության դեմ անողոք պայքար է ծավալել: Ասել կուզի՝ ելույթին պետք է հաջորդեին կոնկրետ գործողություններ, մասնավորապես, կառավարության ներկա կազմը պետք է ցրվեր, եւ ներկա նախարարների առնվազն 90 տոկոսը պետք է ուղարկվեին «թոշակի»: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարել պատրաստվող կառավարությունը պետք է ինքը զերծ լինի կոռուպցիայից: Իսկ իշխանությունների, այսպես կոչված, «հին» դեմքերը կոռուպցիայի մարմնավորում են:
Իսկ ինչ ունենք այսօր. մի կողմից գործող կառավարության կոռումպացված կազմը սովորականի պես շարունակում է պաշտոնավարել, մյուս կողմից էլ ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի շրջանակներում Դաշնակցությանը տրվելիք երեք պորտֆելներից երկուսի ապագա տերերը եւս կրկին «հներից» են լինելու, մարդիկ, որոնք իրենց նախկին պաշտոնավարումների շրջանում հասցրել են միլիոնների կարողություն կուտակել:
Ի դեպ, մինչեւ Գեորգի Կուտոյանին ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակելը, Սերժ Սարգսյանը անգամ տեսականորեն չէր կարող մտածել կառավարության կազմում կտրուկ փոփոխություններ կատարելու մասին, քանի որ իշխանական բուրգը մի ակնթարթում նրան կհաներ Բաղրամյան 26-ից եւ այնտեղ կվերադարձներ Ռոբերտ Քոչարյանին: ԱԱԾ-ում «իշխանափոխություն» իրականացնելուց հետո Սերժ Սարգսյանն իշխանական համակարգի հետ կարող է վարվել, ըստ իր հայեցողության: Բայց իրականությունն այն է, որ նա երբեք չի համարձակվի իշխանական բուրգի անդամների հետ լայնածավալ հակասության մեջ մտնել, քանի որ ցանկացած նման գործողություն, ի վերջո, 2017-ին կավարտվի իշխանափոխությամբ: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանը դադարի հենց այնպես դատարկ ելույթներ ունենալ եւ սկսի կառավարման համակարգից հեռացնել կոռումպացված պաշտոնյաներին, ապա նա պետք է պատրաստվի 2017-ի ԱԺ ընտրությունների միջոցով իշխանությունը հանձնելուն:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն ի սկզբանե զրկված է Հայաստանի զարգացմանը եւ առողջացմանն ուղղված որեւէ քայլ կատարելու եւ միաժամանակ իշխանության մնալու հնարավորությունից, ինչպես իր նախորդը` Ռոբերտ Քոչարյանը: Բայց Ռոբերտ Քոչարյանը ճառերով հանդես գալ չէր սիրում եւ իր աշխատասենյակում նստած սկզբում միլիոնները, հետո միլիարդներն էր հաշվում առավել անկեղծ պահվածքով: Իսկ Սերժ Սարգսյանը միգուցե բանասերի փխրուն հոգի ունի եւ մեկ-մեկ էլ ելույթ ունենալու ու մի ակնթարթ իրեն «առաջնորդ» զգալու գայթակղությունից չի կարողանում հրաժարվել: Կասկած չկա, որ նա շատ լավ գիտակցում է՝ իր ճառերից կարճ ժամանակ անց բոլորը համոզվելու են, որ ինքը կրկին անկատար խոսքեր է ասել: Բայց, դե, մարդը չի կարողանում իր ներքին մղումներից հրաժարվել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔՎԵԱՏՈՒՓԸ ՏԱՐԱՆ
Երեկ Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկության ընթացքում, որը կազմակերպվել էր խորհրդարանի առաջին եւ երկրորդ նիստերի միջեւ ընկած մեծ ընդմիջման ժամանակ, իշխանական պատգամավորների շուրթերից հաճախակի կարելի էր լսել մեկմեկու ուղղված հետեւյալ արտահայտություն. «Միանգամից իմ փոխարեն էլ քվեարկի, թողնեմ-գնամ»: Այլ կերպ ասած՝ իշխանական պատգամավորներն առանձնապես չէին թաքցնում, որ իրենց ստիպողաբար են բերել խորհրդարան: Ինչեւէ, երբ քվեարկությունն ավարտվեց, պատգամավորները քվեաթերթիկներով լեցուն քվեատուփը տարան, որպեսզի այնտեղ արդյունքները ամփոփեն: Ճանապարհին ազգընտիրներն իրենք էին կատակում, թե տարան-տարան, քվեատուփը տարան: Այս ընթացքում ԱԺ «ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ իր հերթին ավելացրեց, թե «քվեատուփի տակը բաց է, չլինի լցոնել եք»:
ԵԴ ՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում արդարադատության նախարարությանը հերթական անգամ գումար կհատկացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման համար: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թվականի հոկտեմբերի 20-ին կայացրած վճռով Հայաստանին պարտավորեցրել է դիմողին վճարել 4 հազար 900 եվրո փոխհատուցում: Գումարը պետք է վճարվի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում: Այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման վերջնաժամկետը 2016 թվականի ապրիլի 20-ն է: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ հերթական անգամ ՀՀ իշխանությունները ստիպված են պետբյուջեի միջոցներից վճարել ՀՀ քաղաքացու իրավունքների խախտման համար: Այսինքն՝ նախաքննության մարմինները, դատարանները մարդկանց իրավունքները ոտնահարում են, իսկ դրա դիմաց վճարում են այն քաղաքացիները, որոնց իրավունքները եւս նույն իշխանությունների կողմից պարբերաբար ոտնահարվում եւ խախտվում են:
ԱԱԾ ՊԵՏԻ ՀԱՅՐԸ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանի հայրը մանկաբարձ-գինեկոլոգ է: Վերջինս աշխատում է Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը փետրվարի 12-ին նշանակվեց ԱԱԾ տնօրեն: Մինչ այս նշանակումը Կուտոյանի մասին հանրությանը գերթե ոչինչ հայտնի չէր: Թերեւս ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նախագահականի իրավաբան աշխատակիցը կարող է պաշտոնի նման կտրուկ բարձրացում ստանալ: Հայտնի է նաեւ, որ Կուտոյանի մայրն էլ մանկավարժ է:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԼՂՈԶՎԱԾ ՆՊԱՏԱԿՈՎ
Փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը վարկային համաձայնագիր են ստորագրել, որով Համաշխարհային բանկը ՀՀ-ին կտրամադրի 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ: Վարկային համաձայնագրով նախատեսվում է բարելավել Հայաստանի ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները` նպաստելով Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի եւ Լոռու մարզերի տեղական տնտեսություններում զբոսաշրջության ավելի մեծ մասնակցությանը:
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանի փետրվարի 20-ի հրամանագրով դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները:
ՆՈՐ ԽՈՍՆԱԿ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից, ինչի մասին գրառում է կատարել համացանցի իր էջում: «Հարգելի՛ լրագրողներ, ես այսուհետ չեմ իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները, դա իմ անձնական որոշումն է: Շնորհակալ եմ համատեղ եւ հետաքրքիր աշխատանքի համար»,-գրել է Բաբայանը: ArmLur.am-ի փոխանցմամբ` Բաբայանին փոխարինելու է Վանիկ Էլիզբարյանը, որը ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ է, «Պոստ-սկրիպտում» մամուլի ակումբավար-սեփականատեր:
ԿՐԱԿՈՑՆԵՐ
Փետրվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց:
ՀԵՏ ՉՄՆԱՑԻՆ
Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Փաստաթուղթը ստորագրել են «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88», «Ազգային վերածնունդ», «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական», «Արցախի Արմենական», Արցախի հանրապետական կուսակցությունների ղեկավարները:
ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը հայտարարել են փետրվարի 27-ից Սիրիայում պատերազմը դադարեցնելու համաձայնության կայացման մասին։ Երկուստեք ընդգծվել են, որ համաձայնությունը չի վերաբերում «Իսլամական պետությանը եւ մնացած ահաբեկչական միավորումներին, որոնց ուղղությամբ հարվածները շարունակվելու են: Հակամարտության մեջ ներքաշված բոլոր մնացած կողմերը պետք է Ամերիկայի եւ Ռուսաստանի զինվորական ներկայացուցիչներին պաշտոնապես տեղեկացնեն իրենց համաձայնության մասին։ Վերջնաժամկետը սպառվում է փետրվարի 26-ին՝ Դամասկոսի ժամանակով ցերեկը ժամը 12-ին։ Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է այս համաձայնության կայացումը, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը այն անվանել է «երկար սպասված հույսի ազդակ»: