Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը` օդում կախված. ռեժիսորը պնդում է, որ նախարարը չի կատարել խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Շահբազյանը ավելի քան տասը տարի առաջ սկսեց աշխատել իր «Չնչիկ» ֆիլմի վրա: 2004-ին սցենարն արդեն պատրաստ էր, 2007-ին այն տրվեց արտադրության, նկարահանումներն ավարտվեցին 2009-ի դեկտեմբերին, 2010-ին էլ կինոժապավենը հանձնվեց Մոսկվայի «Саламандра» լաբորատորիա:

Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը, քանի որ գումար չկար, որպեզի ֆիլմը սքան արվեր, այն մնաց լաբորատորիայում: «Մոտ երկու տարի առաջ կոլեգաներիցս տեղեկացա, որ լաբորատորիան փակվել է. թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մի շարք նման լաբորատորիաներ փակվեցին աշխարհում: Ֆիլմի պրոդյուսերներից մեկը` Արայիկ Մնացականյանը, երկար փնտրտուքներից հետո գտավ լաբորատորիայի տնօրինությանը: Այնտեղից հավաստիացնում էին, թե իրենք լաբորատորիան փակելուց առաջ նամակ են ուղարկել Արայիկին` խնդրելով ներկայանալ ու տանել նեգատիվները, սակայն Արայիկը պնդում էր, որ ինքը ոչ մի նամակ էլ չի ստացել: «Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ ժապավենը տեղափոխել են այլ արխիվ (Госфильмофонд РД): Ի դեպ, այս ամբողջ ընթացքում ֆիլմի եվրոպացի պրոդյուսերները չեզոք վիճակում էին, այն գումարները, որ նախատեսել էին ֆոնդերը (AVANTI ծրագիր (Շվեյցարիա), «Hubert Bals Fund» (Նիդերլանդների Թագավորություն), «WFC» (Գերմանիա), ծախսվեցին, դրանից հետո իրենք քաշվեցին մի կողմ, այլեւս մատները մատներին չխփեցին»,-պատմեց նա:

Ա. Շահբազյանի խոսքով` 2014-ի աշնանից մինչեւ այսօր ինքն «ապրում է» Հայաստանի ազգային կինոկենտրոնում: «Ես աղաչում եմ, որ ժապավենը սքան արվի ու բերվի Հայաստան, որ այս հարցին լուծում տրվի… Ասում են` էսօր, վաղը, մյուս օրը… Ես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին նկարահանման խմբի հետ նախորդ տարի դիմեցի այդ խնդրանքով, ինքն ասաց` եթե հարցը դա է, ես խոստանում եմ, որ 10 օրից այն կլուծվի. մինչեւ այսօր լուծում են… Դրանից հետո ես կինոկենտրոնում ասում եմ` նախարարը խոստացել է հարցը լուծել, այնինչ՝ վերջինս նշել է, թե ինքը ոչ ոքի ոչինչ չի խոստացել… Կինոկենտրոնից ինձ ասում են` բա մենք փողը տվել ենք, որ պրծնեք (Կինոկենտրոնի` տարբեր տարիներին հատկացված ընդհանուր գումարը կազմում է 53 միլիոն 200 հազար դրամ-հեղ.), ինչո՞ւ չեք ավարտել ֆիլմը, բա ձեր պրոդյուսերներն ի՞նչ են մտածում: Ես` ռեժիսորս, դրան ի՞նչ պատասխանեմ»:

Որպեսզի ֆիլմը սքան արվի ու բերվի Հայաստան, ռեժիսորի խոսքով, անհրաժեշտ կլինի շուրջ 2.5 միլիոն դրամ: Իսկ սքանի գործընթացը կարող է իրականացվել ընդամենը մեկ շաբաթում: «Կինոկենտրոնի միջանցքներով գնալ-գալով ես դարձել եմ ներվային… Ինձ ասում են` ասենք թե ժապավենի սքանը բերեցին, չէ՞ որ հետագա աշխատանքների համար էլ գումար է անհրաժեշտ (ըստ նախնական հաշվարկների` նկարահանումները ավարտին հասցնելու, հետարտադրական աշխատանքների, գործուղումների եւ այլ ծախսերի համար անհրաժեշտ կլինի 17-18 միլիոն դրամ): Իսկ ես կինոկենտրոնում ասացի` ինձ հստակ պատասխան տվեք. կա՛մ ասեք՝ բերում ենք, վերջացնում էս կինոն, կա՛մ մենք գումարով օգնում ենք` ընդամենը սքանը բերելու համար, կա՛մ ո՛չ բերում ենք, ո՛չ էլ օգնում ենք, որ ավարտես: Մի բան ասեք…»

Ա. Շահբազյանի խոսքով` կինոկենտրոնը նախնական պայմանավորվածություններ ունի «Մոսֆիլմ»-ի հետ. «Պայմանավորվել են ժապավենները տանել այնտեղ, ստանալ ֆիլմի թվայնացված տարբերակը, իսկ նեգատիվները թողնել արխիվում. այնտեղ, որտեղ ժապավենն է, ստեղծված են բարենպաստ պայմաններ»,- նշեց ռեժիսորը:

Մենք զրուցեցինք նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Վարդան Աբովյանի հետ. «Կինոկենտրոնը բոլոր համաձայնությունները ձեռք է բերել, սպասում ենք, որ գումարային հարցերը լուծվեն»,- տեղեկացրեց նա: Մենք հարցրինք` ո՞վ պետք է լուծի այդ հարցերը. «Փորձում ենք դա անել մշակույթի նախարարության միջոցով»,-պատասխանեց նա:

Մենք Ա. Շահբազյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք մտածել են եվրոպացի պրոդյուսերներին դատի տալու մասին. «Դատի պետք է տան ֆոնդերը. ես ո՞վ եմ, ես կինո նկարողն եմ, փողային հարցերի հետ կապ չունեմ, ով տվել է փողը, թող նա էլ դատի տա, ում տվել է… Կամ էլ թող լրացուցիչ գումար տան, ֆիլմն ավարտեն, մի բան անեն…»,-մեկնաբանեց նա:

Ռեժիսորի խոսքով` ինքը նախորդ տասը տարիների ընթացքում ֆիլմը ստեղծելիս շատ բարդ ճանապարհ է անցել. «Դա սարսափելի բարդ եւ թանկ կինո է: Օրը 20 ժամ նկարահանում ենք ունեցել: Այդ ֆիլմում կան գիշերվա, անձրեւի տեսարաններ, մասսայական տեսարաններ, գնացք, ուղղաթիռ, տարվա 4 եղանակ… Տարիներ առաջ Հայաստանում չկար համապատասխան լուսային տեխնիկա, Վրաստանից ֆուրերով բերում էինք…»,- ասաց նա` հավելելով, որ շատ են աշխատել, որպեսզի ֆիլմը հարուստ լինի թե՛ դրամատուրգիայի, թե՛ տեխնիկական տեսանկյունից:

Նշենք, որ ֆիլմի հետարտադրական գործընթացները կարող են ավարտին հասցվել ընդամենը 4-6 ամսվա ընթացքում:

Մենք կփորձենք մեկնաբանություն ստանալ նաեւ մշակույթի նախարարությունից, իսկ կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը խոստացավ մեկնաբանություն տալ ավելի ուշ:

Հ.Գ. «Չնչիկ»-ի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր դստերը, որը համարձակվել էր առանց ամուսնանալու` հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Իսկ «չնչիկ» բառը բարբառով նշանակում է՝ «չնչին». այդպես են կոչել գյուղացի աղջկան եւ նույնիսկ մոռացել նրա իսկական` անձնագրային անունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս