Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հունիսի 21-ին հարցուցվել է 4 քրեական գործ` կապված ՀՀ կառավարության որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացումների հետ: Նշված չորս գործերին միացվել է նաեւ մայիսի 3-ից ՀՔԾ-ում քննվող Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից նմանատիպ հանցագործության հետ կապված գործը: Թե ինչպիսի ընթացք կունենա քննությունը, եւ թե ինչ տրամաչափի «ձկների գլխից կբռնի» ՀՔԾ-ն, ցույց կտա ժամանակը, սակայն այն, որ առկա չարաշահումներն ամեն դեպքում ստվերում են վերը նշված մարզերի ղեկավարներին, կարծում ենք՝ կասկածից դուրս է: Հայաստանում դժվար թե որեւէ մեկը հավատա, որ, օրինակ, Կոտայքի մարզպետարանի աշխատակիցները կարող են էժան գներով հատկացված դիզվառելիքը եւ պարարտանյութը բաշխել յուրայինների մեջ կամ իրենցով անել` առանց մարզպետի իմացության: Եվ ուրեմն, հարուցված քրեական գործերը մութ, շատ մութ ամպեր են նշված մարզերի ղեկավարների գլխին: Դեռեւս նախագահական ընտրությունների ավարտից հետո համառ խոսակցություններ էին շրջանառվում, որ ՀՀ առնվազն 4 մարզպետեր պաշտոնանկ են արվելու: Նրանց թվում էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը, ինչպես գիտենք, հրաժարական տվեց հայտնի միջադեպից հետո: Իսկ ահա մնացած երեք մարզպետերի` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնանկության հարցը կարծես թե այդպես էլ մնաց օդում առկախված: Եվ հիմա անկախ այն հանգամանքից, թե նշված մարզպետերից որն ինչ չափով է ներգրավված դիզվառելիքի յուրացումների գործում, կարծես թե արդեն իսկ ստեղծվում է նաեւ համապատասխան հիմնավորումը` նրանցից ի վերջո ազատվելու համար: Իհարկե, առայժմ ՀՔԾ-ն չի շտապում քրեական գործ հարուցել կոնկրետ վերը նշված ՀՀԿ-ական մարզպետերի նկատմամբ, ինչն արվեց Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի դեպքում, սակայն չի բացառվում, որ այս դիզվառելիքային բացահայտումների արդյունքում մինչեւ հաջորդ սեպտեմբեր իրենց պաշտոններին հրաժեշտ տան ոչ միայն մարզպետերը, այլեւ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ: Համենայնդեպս, ֆիննախի ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանի հայտարարությունն այն մասին, որ ամենամեծ խախտումները հայտնաբերվել են Արարատի մարզում, նման բան է հուշում: Ինչպես հայտնի է, Մխչյան գյուղից էժան դիզվառելիքի 65 տոկոսը հենց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու հարազատներն էին ձեռք բերել:
ՍԵՐՄԱՑՈՒ ԳՈՂԱՑՈՂ ՄԿՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ