Ուշագրավ մանրամասներ Վարդենիսում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից. Ֆառը ելքեր է փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ժամեր շարունակ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում անհանգիստ վիճակ էր: Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսների աշխատանքը դադարեցված էր: Իսկ պատճառն այն է, որ երթուղին սպասարկող ընկերության սեփականատերերը ծեծի էին ենթարկել տաքսու վարորդներից մեկին:

ArmLur.am-ը կատարվածի մասին նոր ուշագրավ մանրամասներ պարզեց: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քաղաքում մեծ ճանաչում ձեռք բերած Խչեյանները և ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արման Խչեյանին: Բանն այն է, որ Արման Խչեյանը Երևան-Վարդենիս և հակառակ ուղղություններով տաքսի է վարում, ինչն էլ Ֆառի թիկնապահների զայրույթի պատճառն է դարձել: Ասել է, թե ազատամարտիկի որդին նրանցից ուղևոր է խլում:

Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել Երևանի Հյուսիսային ավտոկայանում: Այնուհետեւ Ֆառի թիկնապահները տաքսու վարորդ Արման Խչեյանին ուժով և բռնությամբ նստեցրել են իրենց ավտոմեքենան, տարել քաղաքի ավտոկայանատեղիներից մեկը, որտեղ էլ ազատամարտիկի որդուն դաժան ծեծի են ենթարկել: Մեր հրապարակումից հետո անասելի աղմուկ բարձրացավ:

Եվ հնչեղություն ստացած «թեման փակելու» համար արդեն գործուն քայլեր են արվում: ArmLur.am-ի տեղեկություններով, Արթուր Սարգսյանը ելքեր է փնտրում, որպեսզի ազատամարտիկի որդու հետ տեղի ունեցած միջադեպը արագ հարթվի, քանի որ քաջ գիտակցում է, որ ազատամարտիկների զայրույթը հեշտ չի կարողանալու «մարսել»:

Մենք կհետևենք զարգացումներին:

Վերջում հավելենք, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալը, Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը բոլոր ուժերը կենտրոնացրել են Վարդենիսում, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա: Մնում է ոստիկանապետ Ղամբարյանը համարձակություն ունենա իրավական ընթացք տալ կատարվածին, այլ ոչ թե ավանդույթի համաձայն՝ չգրանցել տեղի ունեցած հանցագործությունը:




Լրահոս