ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի և Իրաքի տարածքում Դաեշ (Իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման գործողությունները եզդիների, քրիստոնյաների և շիա մահմաեդականների դեմ ցեղասպանություն է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով պետքարտուղարության պաշտոնական կայքը, Քերին անդրադարձ է կատարել նաև Սիրիայում և Իրաքում Դաշեի կողմից ոչնչացված մշակութային ժառանգությանը: «Մենք գիտենք, որ Դաեշի վերահսկողության տակ գտնվող տարածքներում համակարգված ջանքեր են գործադրվում ոչնչացնելու հինավուրց համայնքների մշակութային ժառանգությունը. ոչնչացվում են հայկական, Սիրիայի ուղղափառների և հռոմեական կաթոլիկ եկեղեցիներ, պայթեցվում են վանքեր և մարգարեների շիրիմներ, սրբապղծվում են գերեզմանոցներ, իսկ Պալմիրայւմ գլխատվել է 83-ամյա գիտնականը, ով իր ողջ կյանքը նվիրել է հնությունների պաշտպանությանը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: Քերիի խոսքով` Դաեշը ատելություն է տարածում եզդիների նկատմամբ` վերջիններիս բնորոշելով որպես «հեթանոսներ, սատանայապաշտներ», իսկ քրիստոնյաներին սպառնում է ոչնչացնել Հռոմը, քրիստոնեական խաչերը և ստրկացնել կանանց: