Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Զանգվածային անտառհատումների մասին ահազանգերը ցավոք շարունակվում են։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն ու լուսանկարներն է ստացել Սյունիքի մարզից, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում կան հեկտարներով ոչնչացված անտառներ։
Ահազանգում մասնավորապես նշված է․ «Սա ընդամենը մի փոքր մասն է այն տասնյակ հեկտարներից, որոնք հատվում են ամբողջ տարածաշրջանում: Եվ զարմանալին այն է, որ պատերազմի տարիներին՝ ցուրտ ու մութ իննսունականներին, Կապանի տարածաշրջանում այսքան անտառ չէր հատվում:
Չեմ կարծում, որ այսչափ հատումները պայմանավորված են գյուղացիների կարիքները հոգալու անհրաժեշտությամբ: Եվ չեմ կարծում, որ այս մասշտաբի հատումները չեն նկատվում համապատասխան պետական մարմինների կողմից: Եվ տարածաշրջանի ավելի ու ավելի խորացող բնապահպանական հիմնախնդիրների ֆոնին մենք ունենք անգործության մատնված բնապահպանական մարզային տեսչություն»։
Այս հղման մեջ տեղադրված են այդ տարածքում արված լուսանկարների շատ փոքր մասը միայն, սակայն դրանք ամբողջովին պատկերացում են տալիս անտառում ստեղծված աղետալի վիճակի մասին։
ՀԲՃ-ն բազմիցս նշել է, որ Հայաստանի անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ գործուն միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, մի քանի տասնամյակ անց մեր ժողովուրդն ականատես կլինի անտառապատ տարածքների կտրուկ նվազմանը՝ անկանխատեսելի էկոլոգիական հետևանքերով»։