ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, կրակոցներ արձակած անձի ինքնությունը։
2016 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ արձակվել էր կրակոց:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ Մ. և Պ. Զարգարյանների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել է նաև Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Ղազարյանը, ով իր մոտ գտնվող ինքնաձիգով կրակոցներ է արձակել և դիմել փախուստի: Վերջինս մարտի 16-ին ձերբակալվել է։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը մարտի 18-ին որոշում է կայացրել՝ Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Քրեական գործով ևս երկու անձ կասկածվում են 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։