Կառավարությունը բացահայտում է համայնքների տնտեսական ներուժը, որպեսզի ուղղի ներդրումներ. Դավիթ Լոքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշում էր: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) “Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում” ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը: Նախարարն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ, մասնավորապես` Բաղանիս, Ջուջևան, Բերդավան, Դովեղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ, զրուցել խնդիրների շուրջ: Համայնքապետերի հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարար Դավիթ Լոքյանը հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրերի անհրաժեշտություն կա տվյալ համայնքում իրականացնելու` ելնելով տվյալ համայնքի կարիքներից: Քննարկվել են նաև ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք համայնքային ծրագրերին վերաբերող հարցեր: ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող վերոնշյալ ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի քառասունհինգ սահմանամերձ համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան մշակելու իրենց համայնքային ծրագրերը՝ թիրախավորելով ֆինանսավորման համար այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների վերականգնումը և եկամուտ ստեղծող ծրագրերը:

“Մենք փորձելու ենք տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները գյուղ առ գյուղ զարգացնել և այդ ուղղությամբ տանել առաջիկա ներդրումային քաղաքակությունը”,-նշել է իր խոսքում նախարար Դավիթ Լոքյանը:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Նոյեմբերյան, որտեղ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերի և ոլորտի այլ պատասխանատուների հետ անցկացրել է խորհրդակցություն` համայնքներում աղքատության հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերը քննարկելու նպատակով: Ներկաներին ուղղված իր խոսքում Դավիթ Լոքյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել համայնքի բնակիչների կողմից եկամտաբեր տնտեսություն վարելը: Նախարարը նշել է, որ շուտով ՀՀ կառավարությունը կընդունի «Հայաստանի 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարություն» փաստաթուղթը, որն ամբողջությամբ նվիրված է լինելու վերոնշյալ գաղափարին, այն է` համայնքների տնտեսական ներուժի բացահայտում և այդ ուղղությամբ ներդրումային քաղաքականության իրականացում:

“Ես տպավորված եմ, որ մարզպետը ինձանից շատ այս խնդրի ջատագովն է, և մենք այստեղ չհաջողելու խնդիր չունենք, եթե դուք նույնպես միանաք մեր այս ընդհանուր գաղափարին: Սա դառնում է պետության հիմնական առանցքային ուղղություններից մեկը` տարածքները հավասարաչափ զարգացնելու և ՀՆԱ-ն մեծացնելու գործում”,-ասել է Դավիթ Լոքյանը խորհրդակցության ավարտին:

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Դիլիջան համայնքն էր: Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում ներկայիս Դիլիջան համայնքը կազմավորվել է նախկին Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք համայնքների միավորումից: Դիմելով խորհրդակցությանը ներկա համայնքապետերին, նախարարը նշել է, որ այցելության հիմքում դրվել էր հիմնական քննարկումն անցկացնել հատկապես Դիլիջանում՝ խոշորացման գործընթացից հետո համայնքներում առկա խնդիրները, հետագա ծրագրերը տեղում քննարկելու նպատակով: Նա շնորհակալություն է հայտնել համայնքապետերին՝ խոշորացման գործընթացն արդյունավետ անցկացնելու համար: “Կարծում եմ, որ կառավարման այս ձևը կնպաստի ձեր համայնքների ընդհանուր բարգավաճմանը”,-ասել է Դավիթ Լոքյանը, ընդգծելով, որ այս գործընթացը շարունակական է լինելու, իրականացվելու է ողջ հանրապետության տարածքում: Նախարարն ընդգծել է, որ Դիլիջանի խոշորացման ծրագիրը կարող է օրինակելի լինել մյուս համայնքների համար:

Խարհրդակցության ժամանակ քննարկվել են խոշորացված համայնքներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից նախատեսվող տնտեսական զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: “Մեր խնդիրը պետք է դառնա այդ ամբողջը համահունչ դարձնել պետության կողմից որդեգրած տարածքների տնտեսական զարգացման ռազմավարությանը, որով փորձելու ենք ակտիվացնել համայնքներում տնտեսական քայլերը”,-ասել է նախարարը՝ առաջարկելով համայնքապետերին արդյունավետ ծրագրեր ներկայացնել: Նախարարը հավաստիացրել է, որ ծրագրերի կազմման և իրականացման գործում ՏԿԶ նախարարությունը պատրաստ է աջակցել համայնքներին:




Լրահոս