ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր: ՄԱԿի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թվականին: Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է:
Մարտի 20-ը երջանկության միջազգային օր ճանաչելու որոշումը միաձայն կայացվել էր ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչների կողմից: Ելնելով օրացույցում նոր տոնի ավելացումից` երկրները սկսել են հաշվի առնել այնպիսի գործոն, ինչպիսին է երջանկության մակարդակը, որովհետեւ միայն տնտեսական ցուցանիշները ամբողջական պատկեր չեն ապահովում: ՄԱԿ-ի միջազգային տոների օրացույցում նշված է ավելի քանի 100 տոներ, որոնց թվում են Հեպատիտի միջազգային օրը` մարտի 28ը, մայրենիի օրը` փետրվարի 21-ը:
Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների ցուցակում 53րդն է: «Նոր տնտեսագիտական հիմնադրամ»ի վերլուծության վերջին տվյալներով`աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53րդն է: The Happy Planet Index (HPI) ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով մեր երկրի երջանկության ցուցանիշը կազմում է 46.0: HPI-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիրը, ցույց է տալիս, թե որքանով են աշխարհի երկրները կարողանում երկար, երջանիկ եւ կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար:
Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է` հիմնվելով երեք չափանիշերի վրա. բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն, բարեկեցություն և այսպես կոչված` էկոլոգիական «հետք», (մարդկային ազդեցությունը էկոհամակարգերի վրա): Հայաստանն աչքի է ընկել համեմատաբար բարձր կյանքի սպասվելիք միջին տևողությամբ: Ամենաերջանիկ երկրներ են ճանաչվել Կոստա Ռիկան, Վիետնամը, Կոլումբիան, Բելիզը և Էլ Սալվադորը, իսկ ոչ երջանիկ երկրների շարքում են Բոցվանան, ապա` Չադը, Քաթարը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ Մալին: