ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՐԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ, ՔԱՂԱՔՆԵՐԸ` ՈՉ
Եվրոպական հեռարձակողների միության մամլո ծառայությունը հայտնել է, որ Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ 2014»-ի ստույգ ժամանակահատվածը հայտնի է: Կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 6-ին եւ 8-ին, եզրափակիչը` մայիսի 10-ին: Պարզվում է, որ թվերի ընտրությունը պատահական չէ: Դրանք կապված են մի քանի քաղաքների հետ, որոնք պայքարում են, որպեսզի մրցույթն անցկացվի իրենց մոտ: Սակայն գաղտնիքն ամբողջովին դեռեւս չի բացահայտվում. հայտնի չէ, թե խոսքը որ քաղաքների մասին է:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացված «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին մասնակցեց 39 երկիր:  

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ  
Հայ երաժշտարվեստի պատմության մեջ առաջին անգամ հայկական նվագախումբը պաշտոնական կարգավիճակով հանդես է գալու Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող «Musica Riva» միջազգային փառատոնի շրջանակներում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ հրավիրվել է որպես հատուկ ընտրված պաշտոնական նվագախումբ` հուլիսի 20-ից օգոստոսի 3-ն Իտալիայի Ռիվա դել Գարդա քաղաքում կայանալիք «Musica Riva» միջազգային 30-րդ փառատոնին: Երիտասարդական նվագախմբի մասնակցությունը փառատոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Արթուր Վարժապետյանի եւ նվագախմբի մի շարք այլ ընկերների աջակցության շնորհիվ:
Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաեւ հայկական երաժշտության երեկո։
Նշենք, որ իտալական «Musica Riva» փառատոնը հիմնված է 30-ամյա պատմության եւ արդեն իսկ ձեւավորված ինքնատիպ ավանդույթների վրա. յուրաքանչյուր տարի երկրագնդի տարբեր ծայրերից այն իր հարկի տակ է ընդունում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի այնպիսի նշանավոր ներկայացուցիչների, ինչպիսիք են Ալդո Չիկոլինին, Էմանուել Պայուն, Ռենատո Բրուզոնը, Իսահակ Կարաբչեւսկին, Գլորիա Գեյները, Ալեսանդրո Կարբոնարը, Մաուրո Մաուրը, Պլասիդո Դոմինգոն, Ջիլբերտո Ջիլը:




Լրահոս