ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ֆրանսահայ մի շատ լավ ընկեր ունեմ, բայց պետք է ասեմ, որ նա մասոն է: Մենք միասին եկեղեցի ենք գնում, նա օգնում է մանկապարտեզներին, ուսանողներին ու նմանատիպ շատ բարի գործեր է անում: Ես չեմ ցանկանա կորցնել նրան՝ որպես ընկերոջ: Նշեմ, որ նա մկրտված քրիստոնյա է: Շատ վատ է վերաբերվում աղանդավորներին: Կցանկանայի իմանալ Առաքելական եկեղեցու կարծիքը մասոնական շարժման մասին:

Արշակ Մխիթարյան (26 տարեկան, ուսանող)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Խորհուրդը սա է. ընկերներին մի՛ կորցրեք, ով էլ լինեն նրանք իրենց անձնական կյանքում: Եթե նա՝ որպես մարդ, իրեն արդարացնում է ձեր ընկերական հարաբերություններում, ուրեմն, ինչով  էլ զբաղվի, ինչ համոզմունքների տեր լինի, դա զուտ նրա անձնական գործն է: Մասոնականությունը դեռ վերջնականապես ուսումնասիրված չէ: Գիտենք մեկ բան՝ այս կազմակերպությունը նպաստում է աշխարհում գլոբալիզացիայի զարգացմանը եւ կանգնած է աշխարհի բոլոր իշխանությունների ակունքների մոտ: Եթե այս կազմակերպությունը բացասական բան չպարունակեր, ապա կլիներ բաց ու դյուրամատչելի բոլորի համար՝ մեր Եկեղեցու նման: Սակայն դրա ծածուկ, դռնփակ, չուսումնասիրված լինելը վկայում է որոշակի անմաքրության մասին: Պարզ է, որ «մութ սենյակում լույս չեն որոնում»: Ես ինքս մասոնների մասին գիտեմ «Վիքիպեդիա»-ից եւ հենց նրանց կողմից հրատարակված գրքերից: Նրանց մասին որեւէ օբյեկտիվ գրականություն չկա:

Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Զարմանալի է, բայց ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցին ո՛չ դեմ է մասոնական շարժմանը, ո՛չ էլ կողմ: Ամեն դեպքում, տրված խորհուրդը` ընկերներին չկորցնելու եւ նրանց համոզմունքները հարգելու առումով, կարծում ենք՝ միանգամայն համահունչ է քրիստոնեական արժեհամակարգին:




Լրահոս