Վարչախումբը կեղեքման ու թալանի նոր միջոցներ է օգտագործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել Երևանում հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ՝ նշելով, որ իշխող վարչախումբը ձգտում է հնարավորինս շուտ և շատ նյութական օգուտ կորզել երկրից և ժողովրդից, ինչի նպատակով ձեռնարկում է “կեղեքման ու թալանի” նորանոր միջոցներ:
Հայտարարությունում ասվում է հետևյալը.
“Իր հայրենադավ և ազգուրաց կառավարման ավարտը տեսնող վարչախումբը ձգտում է հնարավորինս շուտ և շատ նյութական օգուտ կորզել երկրից և ժողովրդից, ինչի նպատակով ձեռնարկում է կեղեքման ու թալանի նորանոր միջոցներ:
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանը հաջորդեց քաղաքային երթուղային ավտոտրանսպորտի վարձավճարի մեկուկես անգամ թանկացումը:
Վարչախմբի այս քայլերի նկատմամբ մեր ժողովուրդն իր խորը վրդովմունքն ու ընդվզումն արտահայտում է տարբեր ձևերով: Ամռան այս սեզոնին գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացման ազդեցությունը դեռևս զգալի չէ, ուստի մարդիկ հիմնականում պայքարում են ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման դեմ:
Այս հարցում ուրախալի է ոչ միայն երիտասարդների ակտիվությունը, այլև մեր մյուս համաքաղաքացիների մի զգալի մասի մասնակցությունը: Պայքարի հաղթական ավարտի համար առավել քան հուսադրող է նաև այն հանգամանքը, որ չնայած վարորդները տուժում են, երբ երիտասարդներն ու նրանց արարքից ոգևորված մյուս ուղևորները վճարում են վարձավճարի նախկին՝ 100 դրամի չափով, սակայն ըմբռնումով են վերաբերվում և նույնիսկ սատարում են պայքարող քաղաքացիներին:
Նախախորհրդարանն արձանագրում է, որ մեր ժողովուրդը հաղթահարում է անցնող ամիսների ընթացքում դասական քաղաքական դաշտի փոշիացման ու նրա առաջնորդների հեղինակազրկման հետևանքով առաջացած հուսահատությունը և ինքնակազմակերպվելով՝ տեր է կանգնելու իր երկրին ու ճակատագրին:
Նախախորհրդարանը բարձր է գնահատում իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդ ակտիվիստների գործողությունները, բոլոր ուղևորների, ինչպես նաև մարդկային ու քաղաքացիական կեցվածքով աչքի ընկնող վարորդների համերաշխությունն ու համախմբումը կեղեքիչ համակարգի դեմ պայքարում:
Այս համերաշխ պայքարն արդեն արդյունք է տալիս և շարունակելու դեպքում, անպայման, կհասնի հաղթանակի:
Նախախորհրդարանն այս վճռորոշ պահին բոլոր ուղևորներին ու վարորդներին կոչ է անում հաղթահարել անձնական ու հոգեբանական պատնեշները, ապագայի շահը ավելի բարձր դասել օրվա շահից և էլ ավելի համախմբվելով միանալ այս պայքարին, ամեն կերպ աջակցել ու սատարել երիտասարդ ակտիվիստներին և հետզհետե ուժեղացնել ճնշումը՝ կեղեքիչների դեմ երկրի տեր ժողովրդի հաղթանակն ապահովելու նպատակով”:




Լրահոս