Վրաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն մարտի 25-­ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` Վրաստանի ԱԳ նախարարին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը: Դեպի հուշահամալիր բարձրաստիճան հյուրին ուղեկցում էր նաև ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան­ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը: Նա ներկայացնում էր Հայոց ցեղասպանության և հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Նախարար Միխեիլ Ջանելիձեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` մեկ րոպե լռությամբ արտահայտելով հարգանքը: Հյուրն այցելեց նաև հուշահամալիրի «Հիշողության պատի» մոտ, որտեղ ամփոփված է Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին օգնած հայտնի գործիչների գերեզմաններից բերված հող: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ 24 պետություն: Ճանաչման գործընթացը մեծ թափ ստացավ 2015թ., երբ աշխարհը միացավ Հայաստանին ու աշխարհասփյուռ հայությանը` հիշատակելու Մեծ եղեռնի 100-­րդ տարելիցը:




Լրահոս