«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի տնօրենի ընտրության շուրջ բորբոքված կրքերին: Ստորեւ ներկայացվող բաց նամակում Ոսկեվանի մի խումբ բնակիչներ հանդես են գալիս թեկնածուներից մեկի` Գարիկ Մամյանի օգտին:
«Հարգելի՛ պարոն նախարար, Ձեզ են դիմում ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի մի խումբ բնակիչներ:
Շուրջ երկուսից երեք ամիս է, ինչ արհեստականորեն թեժացվում են կրքերը Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունների շուրջ: Բանն այն է, որ, դպրոցի խորհրդի անդամների վրա բազմաթիվ ճնշումներով եւ տարաբնույթ մեթոդներով «համոզելու» արդյունքում չստանալով անհրաժեշտ քվեներ, դպրոցի տնօրեն ընտրվելու համար տնօրենի թեկնածու Գոհար Տիրացվյանը դիմել է սովետական ժամանակներում փորձված մեթոդին՝ տարաբնույթ պետական հաստատությունները ողողելով մատնագրերով եւ նամակներով, որտեղ մանկավարժական թեմաների շուրջ առողջ բանավեճի փոխարեն կիրառվել է տնօրենի մրցակից թեկնածու Գարիկ Ռաֆիկի Մամյանին վարկաբեկելու եւ նրա հասցեին բացառապես անձնական վիրավորանքներ տալու մեթոդը:
Իրականում, սակայն, Գարիկ Ռաֆիկի Մամյանը համայնքում հարգված մանկավարժ է, գործունյա անձնավորություն, որը, ըստ մեզ, ի զորու է ճիշտ կառավարման շնորհիվ վերականգնել դպրոցի՝ շարքից դուրս եկած ենթակառուցվածքները, ապահովել մեր երեխաների նորմալ ուսումնառության գործընթացը, ինչպես նաեւ նպաստել նրանց արտադպրոցական կյանքի ճիշտ կազմակերպմանը:
Հարգելի՛ պարոն նախարար, իրականում մենք այս բաց նամակը չէինք գրի, եթե չհետեւեինք մշտապես մամուլում տարածվող զրպարտություններին եւ ապատեղեկատվությանը, ուստի անհնար էր այլեւս լռել եւ այս բաց նամակի միջոցով չներկայացնել համայնքի գերակշիռ մեծամասնության կարծիքը դպրոցի տնօրենի ընտրության հարցում:
Խնդրում ենք տուրք չտալ սադրանքներին եւ դպրոցի տնօրեն չնշանակել մի անձնավորության, որը բացահայտ կեղծիքներով պաշտոնական առաջխաղացման վատ օրինակ է ծառայում մեր երեխաների համար:
Գարիկ Ռաֆիկի Մամյանը խելացի եւ հարգված անձնավորություն է համայնքում, ուստի նրան երաշխավորելով ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում՝ արտահայտած կլինենք համայնքի բնակչության գերակշիռ մեծամասնության կարծիքը:»
Սվետլանա Ազատյան
Անուշ Ավագյան
Արտակ Թոմոյան
Արմինե Ավագյան
Ստյոպա Մարգարյան
Մերուժան Բարսեղյան
Աստղիկ Հարությունյան
Գառնիկ Սարգսյան
Ալիկ Սաֆարյան
Գարիկ Եղիազարյան
Գագիկ Եղիազարյան
(եւս 163 ստորագրություն)