ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

32-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ  
Ռուսաստանի Կազան քաղաքում երեկ ավարտվեց համաշխարհային հերթական ունիվերսիադան: Հայաստանի ներկայացուցիչներից լավ հանդես եկան սամբիստները: Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հաղթեց բոլոր մրցակիցներին եւ նվաճեց ուսանողական  խաղերի չեմպիոնի կոչումը: Նրա թիմակիցներ Մհեր Կարապետյանը (82 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (+100 կգ) արժանացան բրոնզե պարգեւի: Արծաթե մեդալ նվաճեցին բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ոճայիններ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եւ շախմատիստ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Երրորդ տեղով բավարարվեցին բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը (56 կգ) եւ հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ):
Մեդալների հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 32-րդ տեղը` 10 մեդալ (1+5+4): Հարեւան երկրներից Ադրբեջանը ճանաչվեց 15-րդը (4+5+7), Թուրքիան` 29-րդը (2+0+5), Իրանը` 33-րդը (1+5+3), Վրաստանը` 48-րդը (0+1+2): 2015թ. ունիվերսիադան կանցկացվի Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում:

4 ՇԱԲԱԹ ՉԻ ԽԱՂԱ
Ֆուտբոլասերներն արդեն հասցրել են ուրախանալ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլերով, փոխանցումներով եւ, ընդհանրապես, գեղեցիկ խաղով:
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն էլ չի դադարում հիացմունքի խոսքեր շռայլել մեր հայրենակցի հասցեին: Նա մասնավորապես նշել է, որ հայ ռմբարկուն չի դադարում հաճելիորեն զարմացնել իրեն մարզումների ժամանակ. «Բոլորովին մտավախություն չունեմ, որ մեր նորեկները կարող են հայտնվել ուժգին ճնշման տակ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրանց տրանսֆերների դիմաց քիչ գումարներ չենք վճարել։ Բարեբախտաբար, Մխիթարյանն ու Օբամեյանգը դեռեւս չեն կարող գերմաներենով ծանոթանալ տեղի մամուլի հրապարակումներին։ Ես ինքս առանց հուզական արցունքների չեմ կարող հետեւել Մխիթարյանի՝ մարզումների ժամանակ կատարվող գործողություններին։ Նրան բնորոշ են տեխնիկան, բարձր տեմպն ու անհրաժեշտ դինամիկան… Բացի այդ, նա շատ վտանգավոր է մրցակցի դարպասի մատույցներում։ Եվ այդ ամեն ընդամենը 24 տարեկան հասակում»։ Ցավոք, հուլիսի 16-ին «Բորուսիա»-«Լուցերն» ստուգողական հանդիպման ժամանակ (4:1) Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ այն բանից հետո, երբ գոլ հեղինակեց ու անհաջող ընկավ։ Երեկ ֆուտբոլիստը բուժզննում անցավ, եւ պարզվեց, որ ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ: Ի դեպ, Գերմանիայի 2013-2014թթ. առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 9-ին:

«ՇԻՐԱԿ»-«ՊԱՐՏԻԶԱՆ»` 1:1
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Շիրակ»-ն իր պատմության ընթացքում առաջին անգամ հանդես է գալիս Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում: Իսկ մրցակիցը Բելգրադի «Պարտիզան»-ն է, որի հետ առաջին հանդիպումը երեկ կայացավ Գյումրու քաղաքային մարզադաշտում եւ ավարտվեց 1:1 հաշվով:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս