«Օդից փող». ո՞ւմ համար` հեռուստաընկերությունների՞, թե՞ կապի օպերատորների. քաղաքացիները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրություն են զանգահարում քաղաքացիներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում «Հ2» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդման առնչությամբ: Ինտելեկտուալ այս խաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարցեր, իսկ հեռուստադիտողները կարող են զանգահարել էկրանին հայտնվող հեռախոսահամարով եւ եթե ճիշտ պատասխանեն հարցին, շահում են գումար, ասել է թե` օդից փող:

Մեզ դիմած քաղաքացիները պնդում են, որ իրենք հաղորդումների ժամանակ պարբերաբար զանգահարում են էկրանին հայտնվող հեռախոսահամարով` փորձելով միանալ ինքնապատասխանիչին կամ օպերատորին, սակայն ապարդյուն: Իսկ մյուսներն էլ նշում են, որ միանալով ինքնապատասխանիչին` իրենց այդպես էլ չի հաջողվել մասնակցություն ցուցաբերել խաղին, սակայն իրենք իրենց խաբված են զգացել, երբ պարզել են, որ այդ ընթացքում իրենցից գումարներ են գանձվել:

Ի դեպ, կան քաղաքացիներ, որոնք նշում են, որ իրենք ծուղակի մեջ են հայտնվել, երբ փորձել են արտերկրի նմանատիպ հաղորդումների մասնակցել: «Ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվում են նմանատիպ հաղորդումներ: Դրանցից մեկի ժամանակ մինչ հաղորդավարուհին հեռուստադիտողներին հորդորել էր ավելի ու ավելի ակտիվ լինել` նշելով, թե 25 հազար ռուբլին իրենց է սպասում, ընկերներիցս մեկը զանգահարել էր էկրանին նշված հեռախոսահամարով եւ նշել, որ ինքը գիտի հնչեցված հարցի պատասխանը: Օպերատորը զգուշացրել էր, որ զանգն ընդունված է եւ հարկավոր է սպասել, մինչեւ հերթը հասնի ընկերոջս: Երբ որոշակի ժամանակ սպասելուց հետո վերջինիս համբերությունը սպառվել էր, նրան կրկին զգուշացրել էին, որ իր հերթը չի, եւ հարկավոր է սպասել: Դրանից հետո ընկերս զայրացած ցած էր դրել խոսափողը, իսկ որոշ ժամանակ անց պարզել, որ այդ ընթացքում իրենից գանձվել է 10 հազար դրամ:

Հիմա վախենում եմ, որ հայկական հաղորդումների դեպքում եւս քաղաքացիները խաբվեն ճիշտ նույն կերպ, ինչպես իմ նշած դեպքում»,- մեզ հետ զրույցում պատմեց քաղաքացի Գուրգեն Դանիելյանը. «Հաղորդման անունը դիպուկ է, սակայն դեռ պարզ չէ` ում համար է օդից փող ընկնում` հեռուստաընկերությունների՞, թե՞ կապի օպերատորների համար»,-հավելեց նա: «Ժողովուրդ»-ը զրուցեց հայկական «Օդից փող» հաղորդման ռեժիսոր Վարդան Հովնանյանի հետ, ով խոստովանեց, որ իրենց եւս պարբերաբար դիմում են մարդիկ, որոնք դժգոհում են, թե զանգահարում են էկրանին նշված համարով, սակայն չեն կարողանում միանալ:

«Դրա խնդիրը միայն տեխնիկական է: Միաժամանակ զանգահարում են հազարավոր մարդիկ, սակայն նրանց փոքր մասն է կարողանում միանալ ինքնապատասխանիչին: Կապի օպերատորներն այժմ աշխատում են, եւ մենք էլ իրենց խնդրում ենք, որ զանգահարողներին ընձեռվի հաղորդմանը միանալու հնարավորություն»,-մեկնաբանեց նա: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ոմանք իրենց խաբված են զգում` հայտնաբերելով, որ խաղին չմասնակցելով եւ միայն ինքնապատասխանիչին միանալով՝ իրենցից գումարներ են գանձվել, Վ. Հովնանյանը պատասխանեց. «Դա վճարովի համար է, եւ այդ մասին զգուշացվում է այն պահին, երբ բաժանորդը միանում է ինքնապատասխանիչին, այդ մասին ասվում է հաղորդման ընթացքում` հաղորդավարի կողմից, գրվում է վազող տողով: Դա օրենքի կետ է, որին մենք հետեւում ենք: Իսկ, եթե, այնուամենայնիվ, խնդիրներ, անհասկանալի հարցեր են ծագում, կամ հավելյալ տեղեկություններ ստանալու կարիք կա, հեռուստադիտողների համար գործում է հատուկ հեռախոսահամար, նրանք կարող են զանգահարել, եւ օպերատորը կտա դրանց պատասխանները»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս