Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղը կմիանա Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Արցախ պուրակի հարեւանությամբ գտնվող Մանկավարժականի շենքը դառնալու է հյուրանոց: Իսկ նոր համալիրը, այսինքն՝ Մանկավարժական համալսարանը, կգործի Ճարտարագիտական համալսարանի շենքում, որն էլ գտնվում է Արցախ պուրակի դիմացի թաղամասում: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց բուհերը միացնելու մտադրության մասին լուրը. «Այս պահին չեմ կարող ասել, թե որը ում կմիանա եւ ինչ պայմաններում: Բայց նման նախագիծ կա, քննարկվում է»: Ինչ վերաբերում է Մանկավարժականի շենքին, ապա նշեց. «Կրթական հաստատություններն օգտագործվում են միայն կրթական նպատակների համար, դա օրենքի պահանջ է: Այդ շենքերը չեն մասնավորեցվում, դրանց հետագա գործունեությունը կրթական ծառայությունների շրջանակում է»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ