ԿԱՐԵՎՈՐԸ` ԷՌՆԵԿՅԱՆԸ ՉՆԵՂԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2012թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր Կառավարական թիվ 2 մասնաշենքի՝ արտաքին գործերի նախարարության շենքի օտարման մասին որոշումը: Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը, այդ որոշման համաձայն, գնել էր շենքը՝ հյուրանոց «կառուցելու» նպատակով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչեւ 2015թ. այդ շենքը դեռ ծառայելու է ՀՀ ԱԳՆ-ին, որից հետո միայն Է. Էռնեկյանն իրավունք կունենա շենքը տնօրինել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2011-ի սեպտեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ կառավարությունը մտադիր է 500 մլն ԱՄՆ դոլարով վաճառել ԱԳՆ-ի շենքը «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցին: Սակայն ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ԱԳՆ-ն, ե՛ւ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը համառորեն հերքում էին այդ տեղեկատվությունը` ընդհանրապես բացառելով ԱԳՆ շենքը հյուրանոցի վերածելու ծրագիրը: Մինչդեռ այսօր արդեն հայրենի իշխանությունները չեն կարող հերքել իրականությունը: Չնայած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից եւ ՌԴ-ում ավտովթարի մեջ մեղադրվող հայ վարորդի հետ կապված մեր դիվանագիտական կորպուսի  անգործությունից հետո կարելի էր ընդհանրապես փակել ԱԳՆ-ն:
Ինչեւէ, Կառավարական թիվ 2 մասնաշենքը 14241,9 քմ մակերես ունի: ԱԳՆ շենքի եւ հարակից տարածքների համար վճարվել է ավելի քան 51,2 մլն ԱՄՆ դոլար: Նշենք նաեւ, որ այդ մասնաշենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների եւ տարածքային կառավարման նախարարությունները:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ` պարզելու, թե, ի վերջո, երբ է Կառավարական թիվ 2 մասնաշենքը վերածվելու հյուրանոցի:
«Նախ ասեմ, որ որոշման մեջ հստակ նշված է, որ այդ շենքը պարտադիր պետք է լինի հյուրանոց, ընդ որում, համաշխարհային բրենդ ունեցող ու բոլոր չափորոշիչներին համապատասխանող՝ առանց շենքի արտաքին տեսքը փոխելու: Այսինքն` ինքն իր ձեւով մնալու է նույն շենքը: Ասեմ նաեւ, որ ինչքանով տեղյակ եմ` Էռնեկյանը պատրաստվում է շենքի առաջին հարկում ստեղծել մշակութային լուրջ, մեծ կենտրոն»,-հայտարարեց Ա. Սահակյանը: Ինչ վերաբերում է ԱԳՆ նոր շենքին, ապա դրա կառուցման աշխատանքներն արդեն ընթանում են:  
«Արտաքին գործերի նախարարության նոր շենքը կառուցվում է, այն գտնվում է արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում՝ Վազգեն Սարգսյան փողոցում: Մինչեւ 2015թ. ավարտը մենք կունենանք այդ շենքը, ԱԳՆ-ն կտեղափոխվի նոր շենք, ինչից հետո էլ արդեն Էռնեկյանը կսկսի իր գործողությունը: Որոշումներում այս ամենը շատ հստակ ֆիքսված է, այնպես որ, այդ հարցի հետ կապված` որեւէ այլ բան չկա»,-նշեց պետական գույքի կառավարման վարչության պետը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս