Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին հարցը:
Կառավարության որոշման մեջ նշված է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետեւանքով Ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:
2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ: Ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ եւ ըստ ընկերության ծրագրի (որը հավանության է արժանացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի կողմից)` նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016 թվականի տարեկան ծավալը հասցնել մինչեւ 200 հազ.տ (2014թ` 23,3 հազ.տ., 2015թ.` 80 հազ.տ.) եւ ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Վերը նշվածի արդյունքում (ըստ Ընկերության գնահատականի) պետական բյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկեր: Սակայն Ընկերության գույքը եւ հաշիվները գտնվում են արգելանքի տակ և գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, որի արդյունքում կփակվեն ընկերությունում առկա 450-ից ավելի աշխատատեղերը:
Հարկ է նշել, որ գույքի հարկադիր վաճառքից պետական բյուջեի մուտքեր չեն ապահովվի, քանի որ ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում եւ վերջինիս է պատկանում ընկերության պարտավորությունների դիմաց առաջնահերթ բավարարման իրավունքը:
Մանրամասները` տեսանյութում: