ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՌԵԺԻՄԸ ԼՎԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` ավելի քան մեկ տարի տեւած քննությունից  հետո երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման գործով քրեական հետապնդումը դադարեցնում է: Սա, իհարկե, շատերի համար սպասելի որոշում էր, քանի որ ի սկզբանե էլ, անգամ ոչ մասնագետների համար, տեսանելի էր, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ  քրեական գործի հիմքերը, մեղմ ասած, վիճահարույց են: Բոլորի համար էլ պարզ էր, որ այդ ամենի նպատակը Օսկանյանին` որպես ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու, ասպարեզից հեռացնելն էր: Կստացվեր նրան նաեւ բանտ նստեցնել` լավ, չէր ստացվի` համենայնդեպս ընտրական տարում նա կչեզոքացվեր: Ինչպես տեսանք` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի արհեստավարժ գլխավորությամբ իշխանություններին հաջողվեց իրականացնել միայն նվազագույնը` պլան մինիմումը` Օսկանյանի գործի քննությունը երկարաձգելով մինչեւ բոլոր ընտրական պրոցեսների ավարտը: Ամերիկացի բարերար Հանթսմանի` «Սիվիլիթաս» հիմնադրամին  նվիրաբերած փողերը յուրացնելու մեջ մեղադրվող Օսկանյանին մի ամբողջ տարի  ԱԱԾ տանել-բերելուց հետո, սակայն, իշխանությունները չէին կարող հենց այնպես վերցնել ու հայտարարել, որ քրեական գործը կարճվում է` առանց  քիչ թե շատ հիմնավոր բացատրության: Ինչն էլ երեկ տարածած հաղորդագրության մեջ փորձեց անել ԱԱԾ-ն՝  նշելով, որ Օսկանյանը խոստովանել է իր իսկ հիմնադրած «Սիվիլիթաս»-ին բարեգործական նպատակներով  նվիրաբերված գումարներն  անձնական նպատակներով  օգտագործելու փաստը եւ վերականգնել է  հարկային պարտավորություններից առաջացած տարբերությունը: «Ես, բնականաբար, ո՛չ հաշվապահ  եմ, ո՛չ իրավաբան  եւ նախաքննության  այս փուլում չեմ բացառում, որ եղել են  հաշվապահական  գործառնավարական  թերացումներ, որոնք չեն հետապնդել իմ կողմից  գումարի  հափշտակության եւ դրա  օրինականացման միտումնավոր բնույթ: Արձանագրված  խախտումների  պայմաններում ես պատրաստ եմ  ՀՀ օրենքներին համապատասխան  փոխհատուցել որպես վնաս հաշվարկված 250.795,26 ԱՄՆ դոլարից գոյացող հարկերը: Իմ կողմից  հարկային գումարի փոխհատուցման դեպքում խնդրում եմ` օրենքով սահմանված  կարգով քրեական գործի  վարույթը  կարճել եւ իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել»,-ըստ ԱԱԾ-ի` իր դիմումում նշել է  Օսկանյանը:  Մինչդեռ վերջինս  հերքել է, թե որեւէ խոստովանություն է արել ԱԱԾ-ում` համոզմունք հայտնելով, որ հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողացել  ապացուցել «փողերի լվացման» մեղադրանքը եւ ստիպված են  եղել այլ ճանապարհներով գործը կարճել: «Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է հափշտակել պետբյուջեի միջոցներ, ստանալ եկամուտ, դիմել համապատասխան մարմիններին եւ խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները եւ գործը կարճել»,-ասել է Օսկանյանը` կատարվածի շուրջ դատողությունները թողնելով հանրությանը: Թերեւս կարելի է դատել, որ Օսկանյանին ռեժիմը լվաց:




Լրահոս