ՁՈՐԱԳԵՏՆ ԱՂՏՈՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լոռու մարզի Արմանիսի «Սագամար» ՓԲԸ անվտանգության ծառայության պետ Արա Բերբերյանն ահազանգեց «Ժողովուրդ»-ին եւ տեղեկացրեց, որ Ձորագետը կրկին պղտորված է: Ձորագետի աղտոտվածությունը վերջին շրջանում բնապահպանները կապում էին բազմամետաղանոց հանքի շահագործման հետ: «Սագամարի» աշխատանքները 2 շաբաթ է՝ առժամանակ դադարեցված են, սակայն Ձորագետը կրկին աղտոտված է: Ո՞րն է պատճառը: Արա Բերբերյանն այս կապակցությամբ ահազանգել է նաեւ խնդրով հետաքրքրված «Լոռի էկո ակումբ» ՀԿ նախագահ, «Օրհուս» կենտրոնի Ստեփանավանի համակարգող Մանյա Մելիքջանյանին ու Ստեփանավանի քաղաքապետարանի գյուղբաժնի մասնագետ Վարդան Մկրտչյանին: Վերջիններին է միացել նաեւ «Սագամար» ՓԲԸ ֆաբրիկայի պետ Սամվել Չոբանյանը:
Քննարկման ընթացքում Մ. Մելիքջանյանը կարծիք հայտնեց, որ միգուցե հանքի ափամերձ տարածքներում լեռնային զանգվածները նախորդ օրը տեղացած հորդառատ անձրեւի հետ լվացվել եւ թափվել են գետը: Հանքի ներկայացուցիչները պնդեցին, որ Ձորագետ ոչ մի արտահոսք երբեւէ չի եղել, եւ դա բացառվող տարբերակ է: Իրավիճակը ճշտելու համար նրանք եղան Ձորագետի տարածքում, հասան մինչեւ Արմանիսի տարածք, որտեղ ընկերությունն է: Պարզվեց՝ Ձորագետի Չքնաղ վտակի աղտոտվածությունը գալիս է ավելի վերեւից: Սակայն գետի հունով ավելի վերեւ բարձրանալով՝ խումբը ոչ մի աղտոտիչ չհայտնաբերեց: Հավանական տարբերակը սարերից եկող պղտոր ջուրն է:  
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մ. Մելիքջանյանը նշեց, որ ուրախալի է հանքի նոր տնօրինության ուշադիր վերաբերմունքը Ձորագետի նկատմամբ: Նա գնահատեց նաեւ այն փաստը, որ Արմանիսի դպրոցի բակը լեռնային զանգվածներից մաքրելուց հետո նրանց ցանկությամբ եւ ուժերով բարեկարգվել է: Նախատեսվում է մինչեւ սեպտեմբերի 1-ն այն  հարմարեցնել խաղահրապարակի համար:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս