Օր յոթերորդ. Բակո Սահակյանը գիծ քաշեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ եւս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվեց, չնայած որ թշնամին օրվա ընթացքում շարունակել է տարբեր տրամաչափի հրազեններից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին երեկ տեղեկացրեց ԼՂՀ պաշտպանական բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Երեկվա դրությամբ հայկական բանակի զոհերի թիվը 36 է, որոնցից 9-ը՝ սպաներ, 27-ը՝ շարքայիններ, վիրավորները 122 հոգի են, որոնցից 24-ը սպաներ են, 98-ը՝ շարքայիններ: Անհետ կորածները 21 հոգի են: Ի դեպ, զոհերի թիվը նախորդ օրվա ընթացքում աճել է անհետ կորած զինվորներից չորսի դիերը մարտի դաշտից դուրս բերելու արդյունքում: Երեկ հայկական զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել, ինչպես նաեւ ոչնչացվել է թշնամու մեկ անօդաչու թռչող սարք:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների եւ արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կարեւոր հայտարարություններ էր արել: Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է: «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման: Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք: Դուք գիտեք, որ 1994-ին ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության կողմ: Այս որոշումը մինչ օրս պահպանում է իր իրավական ուժը»,- հայտարարել է Բակո Սահակյանը:

Փաստորեն, ԼՂՀ նախագահը հստակ եւ աներկբա ասել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին: Ավելին՝ ԼՂՀ-ն բանակցություններին մասնակցելու է որպես ինքնիշխան սուբյեկտ, թեկուզ եւ միջազգային հանրության կողմից չճանաչված: Հաջորդ կարեւոր ուղերձը, որը Բակո Սահակյանը հնչեցրել է, վերաբերել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը կրկին անգամ խախտելուն: «Եթե Ադրբեջանը փորձի կրկին անգամ խախտել հրադադարը, ապա մենք կիրականացնենք հակահարված նման հակառակորդի, պայմանավորվածությունները չհարգող կողմի նկատմամբ, չենք կարող այլ մոտեցում ունենալ»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս