Մեկ զինվորականի ճակատագիր դեռևս անհայտ է մնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։

Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն, Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով ապրիլի 5-ի դրությամբ հայկական կողմից անհայտ կորած էր համարվում 19 հոգի:

«Այսօր Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին: Դեռևս անհայտ է մնում մեկ զինվորականի ճակատագիր»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ զինվորականի մասին տեղեկություններ ստանան:

ԼՂՀ  ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահի խոսքով, վերադարձված բոլոր զոհվածների մարմիններն արդեն ճանաչվել են հարազատների կողմից:




Լրահոս