ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր գերատեսչությունում ամեն ինչ արվում է, որպեսզի կանխվի արտագաղթի աճը: Նախարարը նշեց, որ վերջերս անգամ հաշմանդամություն ունեցող անձինք, ԱՄՆ-ում տեղեկանալով, որ ԱԻՆ-ն աշխատանքի է ընդունում նման խնդիրներ ունեցող մարդկանց, վերադարձել են Հայաստան ու ընդունվել աշխատանքի:
-Պարո՛ն Երիցյան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է իրենց ոլորտների տնտեսական աճի վերլուծություն իրականացնել ու կառավարության այսօրվա նիստում ներկայացնել: Դուք ինչպե՞ս եք բավարարելու ՀՀ վարչապետի պահանջը: Ձեր գերատեսչությունում տնտեսական աճ կա՞:
-Ընդհանուր առմամբ, մենք այդ գործառույթները չունենք, մենք կներկայացնենք, թե ինչով ենք կարողացել օգտակար լինել մեր երկրին: Օրինակ` հակակարկտային համակարգերի հետ կապված՝ մենք կարողացել ենք ճիշտ աշխատանքներ տանել, փրկարար ծառայությունում եւ նման այլ ոլորտներում ԱԻՆ-ը կարողացել է իր առջեւ դրված խնդիրները ճիշտ կատարել: Մի խոսքով, կներկայացնենք այն, ինչն առնչվում է ԱԻՆ-ին:
-Ըստ Ձեզ` ի՞նչ կտան այդ վերլուծություններում ներկայացված թվերը, եթե դրանք չեն արտացոլում իրական պատկերը, որը պարզապես ողբալի է` սոցիալական գերծանր պայմաններ, արտագաղթի օրավուր աճող թվեր:
-Կարծում եմ, որ այդ ամենը ներկայացնելը եւս մեկ անգամ մեզ` ղեկավարներիս, կձգի, որ մենք զեկուցենք, թե ինչ ենք արել եւ հասկանանք, թե ինչ էր պետք, որը չենք արել: Մենք պետք է հասկանանք, թե որոնք են եղել մեր բացթողումները: Ես բազմիցս ասել եմ, որ եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, մեր երկիրը որեւէ խնդիր չի ունենա: Ես՝ որպես ԱԻ նախարար, ցույց կտամ, որ սա եմ արել ու նաեւ` ինչ եմ հետագայում պլանավորել, որպեսզի անեմ: Իմ այսօրվա թիրախային կետն օդանավակայանի հարցն է, բազմիցս խոսել ենք, որ մենք Գառնիում պետք է ունենանք սեյսմիկ կենտրոն: Մի խոսքով, կատարած եւ կատարվելիք աշխատանքների մասին, կարծում եմ, պետք է մշտապես հաշվետվություններ ներկայացնել:
-Այժմ քաղաքական դաշտում ՕԵԿ-ը, կարելի է ասել, գոյություն չունի, կուսակցության ղեկավար կազմն արձակուրդում է, իսկ իշխանության մաս համարվող այդ ուժն օր օրի ահագնացող խնդիրների լուծման ուղղությամբ «մատը մատին» չի տալիս: Ի վերջո, ինչո՞ւ է ՕԵԿ-ն անգործության մատնվել, ինչո՞ւ որեւէ քայլ չեք ձեռնարկում:
-Ոչ թե ՕԵԿ-ը գոյություն չունի, այլ ուղղակի արձակուրդում է, ես այստեղ եմ ու որպես ՕԵԿ նախագահի տեղակալ, որպես նախարար՝ ամեն ինչ անում եմ արտագաղթի կանխարգելման համար: Արտագաղթն առաջանում է աշխատանքի բացակայության պատճառով, հիմա ես՝ որպես նախարար, ԱԻՆ-ում հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի եմ ընդունում: Անգամ հաշմանդամություն ունեցող մարդիկ ԱՄՆ-ում, տեղեկանալով, որ ԱԻՆ-ում աշխատանքի են ընդունում, այնտեղից եկել են այստեղ ու աշխատանքի ընդունվել: Այսինքն` այնպես պետք է անենք, որ մարդիկ տեսնեն՝ աշխատանք կա: Մենք վայրենի ազգ չենք, որ մեր ընտանիքները թողնենք ու գնանք: Ճիշտ է, հեռվից մարդիկ գայթակղվում են, թե ՌԴ-ում ամեն ինչ լավ է, սակայն հետո հիասթափվում են ու վերադառնում: Այնպես որ, մենք պետք է ամեն ինչ անենք ժողովրդին, այսպես ասած, դուխ տալու ու նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Անձամբ ես իմ նախարարությունում անում եմ:
-Իսկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ երբեւէ քննարկե՞լ եք արտագաղթի կանխման ուղղությամբ ծրագրեր մշակելու եւ իրագործելու հարցերը: Խնդրում եմ՝ կոնկրետ նշե՛ք, թե ՕԵԿ առաջնորդն ինչ է պատրաստվում անել:
-Այո՛, իհարկե, մենք մշտապես էլ պարոն Բաղդասարյանի հետ նման հարցեր քննարկում ենք: Իսկ կոնկրետ կարող եմ իմ նախարարության վերաբերյալ ասել: Ուղղակի ամեն մեկն իր գյորա պետք է մտածի, աշխատանքներ իրականացնի: Պարոն Բաղդասարյանը հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման համար մեծ աշխատանքներ է իրականացնում, որը նույնպես աշխատատեղեր է տալու: Ու նաեւ ցույց է տալու, որ սա կայացած երկիր է: Նման հարցերը մինիմում շաբաթը մեկ անգամ մենք ՕԵԿ-ում քննարկում ենք:
-Այնուամենայնիվ, այնպիսի տպավորություն է, որ ՕԵԿ-ն ակտիվանում է այն ժամանակ, երբ պաշտոնի հարց է լինում, ինչպես դա եղավ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում: Իսկ այժմ, քանի որ ոչ մի պաշտոնի հարց չի քննարկվում, ՕԵԿ-ն «անհետացել» է:
-Սխալ են Ձեր տպավորությունները, այնտեղ առաջին դիրքերում ես էի, իսկ պաշտոնն ինձ համար գրոշ չարժե, ես բազմիցս ասել եմ, որ տարիներ շարունակ տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել ու արդեն կայացած մարդ եմ: Ես ուզում էի ապացուցել, թե ինչ կարող եմ անել իմ Երեւանի համար: Իսկ ՕԵԿ-ն էլ ակտիվ էր այնքանով, որ իմ կողքին էր` իմ թեկնածության առաջադրման համար: Պաշտոնի հարց չկա: Առաջին հերթին պետք է լինել տղամարդ, նոր ղեկավար՝ դրանից բխող հետեւանքներով:
-Բայց խոսքը միայն Ձեր մասին չէր, ՕԵԿ-ը մշտապես է պաշտոնների փնտրտուքի մեջ, իսկ վերջին օրինակն էլ օրերս ԱԻ փոխնախարար նշանակված ՕԵԿ անդամ Դավիթ Կարապետյանի դեպքն էր:
-Ես եմ դիմել Դ. Կարապետյանին ինձ մոտ բերելու համար: Նա երիտասարդ մասնագետ է, մեծ փորձ ունի: Նախարարի տեղակալի պաշտոնն ազատ էր, ու մենք կուսակցությունով որոշեցինք, ու կարծում եմ՝ ինքն իմ մատից փուշ կհանի:
«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՏՂԱՄԱՐԴ, ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ