Ինքնապաշտպանվեցին ու դաստիարակեցին. Սանամյանի «նազիր-վեզիրները» ճողոպրել են դեպքի վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ապրիլի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, երբ Սասուն Միքայելյանն իր թիմակիցների համար հյուրասիրություն էր կազմակերպել իրենց թաղամասի ռեստորանում` շնորհակալությունը հայտնելու, Արամ Դանիելյանի մի խումբ թիմակիցներ երեկույթից փողոց են հրավիրել Միքայելյանի մի քանի կողմնակիցների եւ վիճաբանություն սարքել: «Ժողովուրդ»-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուներից տեղի ունեցած միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել:

Եվ այսպես՝ ապրիլի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբայրը` Արթուր Դանիելյանը, նրա որդին` Արգամը, ինչպես նաեւ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի «նազիր-վեզիրները», որոնց մեջ է եղել ոմն Սմբատ, զանգահարել են Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի թիմակիցներին եւ ասել, որ ուզում են հանդիպել՝ բան կա խոսելու: Այսպիսով՝ 5 երիտասարդներ որոշել են մի քանի րոպեով դուրս գալ խնջույքի վայրից` հանդիպելու Արամ Դանիելյանի թիմակիցների հետ, որպեսզի, ըստ էության, հասկանան, թե ինչ են ուզում իրենցից: Նրանք գնացել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս՝ զրուցելու իրենց հյուր եկած Դանիելյանի թիմակիցների հետ:

Ականատեսների պատմելով՝ Արամ Դանիելյանի թիմակիցները եղել են 10 մեքենայով, որոնց մեջ եղել են մոտ 40-ից 50 մարդ: Կարծես թե վերընտրված քաղաքապետի թիմակիցների կոկորդին ինչ-որ բան է մնացած եղել, եւ նրանք թիմ կազմած, հարբած վիճակում որոշել են «ռազբորկա» անել: Հաշվի առնելով քաղաքապետի թիմակիցների քանակը՝ կարելի է ենթադրել, որ վերջիններս Սասուն Միքայելյանի թիմակիցներին զրուցելու անվան տակ դուրս են հանել եւ դավադրություն կազնակերպել` որոշելով ծեծի ենթարկել նրանց:

Իսկ ինչն էր մնացել Արամ Դանիելյանի թիմակիցների կոկորդին, որ ստիպել էր նրանց հանդիպել Սասուն Միքայելյանի թիմակիցներին: Բանն այն է, որ ապրիլի 17-ին քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արամ Դանիելյանի թիմակիցների կողմից ընտրակաշառք բաժանածներին Սասուն Միքայելյանի թիմակիցները սրբապիղծ էին որակել: «Ինչի չգիտե՞ք, որ մենք փող բաժնող ենք. փող բաժանողներին բան եք ասո՞ւմ»,- բացականչել են Դանիելյանի թիմակիցները, որից հետո խոսակցությունն այնքան է թեժացել, որ տղաների միջեւ սկսվել է վիճաբանություն, եւ Դանիելյանի կողմնակիցները անակնկալ կերպով անցել են բռունցքների: Րոպեներ անց ռեստորանում հավաքված մարդիկ, իմանալով կատարվածի մասին, շտապել են դեպքի վայր եւ անցել ինքնապաշտպանության: Այդ ընթացքում Միքայելյանի՝ հարյուրից ավել կողմնակիցները մանրամասն «դաստիարակել» են հյուրերին ու իրենց վրա «մարդ բերողներին»:

Ականատեսների պատմելով՝ Արամ Դանիելյանի եղբայրն ու եղբորոդին, հասկանալով իրենց արածի լրջությունը, մազապուրծ փախել են դեպքի վայրից: Նրանք այնքան վախեցած են եղել, որ անգամ իրենց «Պրադո» մակնիշի մեքենան թողել են դեպքի վայրում:

Ինչպես հայտնեցին իրավապահ համակարգի մոտ կանգնած մեր աղբյուները` Արամ Դանիելյանը գիշերով, գինովցած գնացել է ոստիկանության Կոտայքի բաժին եւ խնդրել, որ իր եղբորը, եղբորորդուն ազատ արձակեն: Իսկ երբ իրավապահները հետաքրքրվել են նրանից, թե ովքեր են եղել միջադեպի մասնակիցները, Դանիելյանի եղբայրն ասել է, որ բողոք չունի ու ոչ մեկի չի ճանաչում:

Լուրեր կան, որ նրանց մի մասին տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ը բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանից փորձեց հետաքրքրվել, թե հիվանդանոց տեղափոխված տղաները ինչ աստիճան վնասվածքներ են ստացել, սակայն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Սահակյանը նշեց. «Ուրեմն ոչ մեկ հիվանդանոց չի տեղափոխվել, ոչ մի վնասվածք չի ստացել, ոչ մի միջադեպից մենք տեղյակ չենք»: Այնպիսի տպավորություն էր, որ նախապես պայմանավորված պատասխան էր փոխանցում տնօրենը:

ArmLur.am-ը փորձեց մանրամասներ իմանալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից` պարզելու, թե պաշտոնապես ինչ հանգուցալուծում է ունեցել միջադեպը, եղե՞լ են արդյոք բերման ենթարկվածներ, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը վիճաբանության մասնակիցներին տարել է ոստիկանության Հրազդանի բաժին: Այստեղ նրանցից որեւէ մեկը հաղորդում չի տվել: Նրանք բոլորը բաց են թողնվել: Ի դեպ, ոստիկանությունից հրաժարվեցին անուններ հրապարակել՝ պատճառաբանելով, որ բաժին տարվածներից որեւէ մեկը դեռ որեւէ կարգավիճակ չունի:

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, հայտնեց. «Միջադեպ չի եղել, փոքր բան էր, հարթվել է»: Իսկ Սասուն Միքայելյանի շտաբից ընդհանրապես որեւէ մեկնաբանություն չցանկացան տալ կատարվածի մասին: Ասել է, թե նրանք բավարարված են դաստիարակչական աշխատանքներով:

Քնար Մանուկյան




Լրահոս