ԱՄՆ-ում «պանամական փաստաթղթերի» գործով հետաքննություն է նախաձեռնվել: Ինչպես գրում է Financial Times-ը, հետաքննությունը վարում է Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազ Փրիթ Բհարարան:
Պարբերականը վկայակոչում է միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետաքննող լրագրողների նամակը, ովքեր վերլուծել են պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության 11,5 միլիոն փաստաթղթերը: Նամակը հրապարակվել է բրիտանական The Guardian պարբերականի կայքում:
«Պանամական փաստաթղթերը» հայտնաբերվել էին ապրիլի 3-ին: Ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ այդ հրապարակումները ցույց են տալիս, որ հարկերից խուսափումը գլոբալ բնույթ է կրում: Ապրիլի 6-ին Wikileaks-ը հայտարարել էր, որ Mossack Fonseca-ի փաստաթղթերի հետաքննության մասին տեղեկացված է միջազգային զարգացման հարցով ԱՄՆ գործակալությունը (USAID) և Սորոսի հիմնադրամը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին ապրիլի 14-ին տեղի ունեցած «ուղիղ գծի» ժամանակ «պանամական սկանդալը» կապել էր Ռուսաստանում կայանալիք ընտրությունների հետ և հասկացրել, որ հրապարակումների պատվիրատուները Միացյալ Նահանգներն են: