ԱՇՈՏՅԱՆԻ ՀԵՏ «ԼԵԶՈՒ ՉԳՏԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուհերի վարձերի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները, ծնողները, ինչպես նաեւ մի քանի ազատամարտիկներ երեկ հավաքվել էին ԿԳ նախարարության առջեւ` Արմեն Աշոտյանի հետ ուսման վարձերի թանկացման որոշման վերաբերյալ բանակցություն վարելու, սակայն հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ:
Երիտասարդներն առավոտյան ժամը 12-ից «Պահանջում ենք», «Մենք էշ չենք», «Մենք ենք տերը մեր երկրի» կոչերով գրեթե մեկուկես ժամ նախարարին համոզում էին իջնել նախարարությունից եւ «մաքուր օդում» բանակցել. «Եթե բազեականների հետ կարող եք հանդիպել ծառերի տակ, ինչո՞ւ նույնը չեք կարող անել մյուս ուսանողների հետ, ովքեր ՀՀԿ-ական կամ բազեական չեն: Մեր թիկունքում է՞լ պետք է Կարեն Ավագյանը կանգնած լինի, որ իջնեք»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից Հարություն Մկրտչյանը:
Իսկ նախարարն էլ իր հերթին պահանջում էր, որ ակտիվիստները բարձրանան վերեւ, եւ հարցն ավելի հարմարավետ միջավայրում քննարկեն: Սակայն ուսանողները նախարարի քայլը, այնուամենայնիվ, վախկոտություն համարեցին:
Երբ մի վերջին անգամ նախարարության աշխատակիցը բոլոր ակտիվիստներին հրավիրեց նախարարի ընդունարան, եւ ակտվիստներն էլ համաձայնեցին բարձրանալ, ոստիկանությունն այնպիսի պատնեշ կազմեց, որ նույնիսկ ճանճի ներթափանցումը կառավարական շենք անհնար էր:
Մի կերպ ճեղքելով ոստիկանական «պատը»` «Ժողովուրդ»-ը եւս գնաց նախարարի ընդունարան: Արդեն ներսում ակտիվիստներից մեկը վրդովված հայտնեց. «Ուսանողությանը մի դրդեք այն քայլին, ինչը ուսանողությունը չի ցանկանում անել»: Իսկ պարոն Աշոտյանն էլ բացատրեց. «Հարությո՛ւն, շանտաժի լեզվով մի՛ խոսիր, այնտեղ, որտեղ դու սովորում ես, ես դասավանդում եմ, կարծում եմ` կարող ենք համարժեք լինել»: Իսկ երբ նախարարը փորձեց բացատրել, որ ժողովրդավարութունը չի նշանակում ամբոխավարություն, ակտիվիստները մեկ մարդու պես դուրս եկան նախարարության շենքից՝ հավելելով. «Ուսանողները Ձեզ սպասում են դրսում»: Բայց Աշոտյանը «տակ չմնաց». «Ուսանողները ՀՀ-ում 100.000 են, վստահ եմ, որ բոլորը չեն եկել եւ ինձ չեն սպասում ներքեւում: Ազատ եք»:
Ահա այսպես չստացվեց զրույցը: Եվ նախարարի ընդունարանում մնացին միայն լրագրողները, որոնց Աշոտյանը պարզաբանեց, թե արդարացված է ուսման վարձերի թանկացումը, քանի որ դրանով մասնակիորեն կբարձրացվեն աշխատավարձերը, կվերազինվեն լաբորատորիաները, ավելի հարմարավետ կդառնան լսարանները:
Լրագրողների հարցին, թե ինչու վերջին անդրադարձի ժամանակ նախարարը հայտնել է, որ ուսման վարձերը կբարձրանան 20-100 000 դրամ, բայց իրականում բարձրացվել է 120 000-200 000 դրամ, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Բուհերն իրենք են որոշել թանկացնել ուսման վարձը, եւ այստեղ մենք ըմբռնումով ենք մոտենում»: Նախարարը նաեւ հայտնեց, որ այս որոշմանը զուգահեռ ստեղծվելու է մի ծրագիր, որը, հավանաբար, սեպտեմբերին կմտնի ԱԺ` քննարկման: Այդ ծրագրով «Փարոս» համակարգում ընդգրկված շուրջ 2500 երեխանները, ովքեր կցուցաբերեն բարձր առաջադիմություն, կստանան 50-100% զեղչ:
Վերջում նշենք, որ ուսանողները երեկ քայլերթ անցկացրեցին մինչեւ Մաշտոցի պուրակ: Ինչպես ներկայացրեց ակտիվիստներից Հարություն Մկրտչյանը, իրենք փողոց են հանելու ավելի մեծ թվով երիտասարդների. «Մենք չենք պատրաստվում ենթարկվել»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ




Լրահոս