Հուլիսի 14-ից մինչ օրս Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում սատկել է 156 տարբեր քաշի, տարիքի եւ սեռի խոզ: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանից տեղեկացանք, որ գյուղում խոզերի անկումը շարունակվում է: «Հուլիսի 19-ին ինձ պաշտոնապես հայտնել են, որ խոզերի անկման պատճառը աֆրիկյան ժանտախտ հիվանդությունն է: Եթե մինչ այդ անկված խոզերը թաղում էին տարբեր տեղերում՝ սեփական հողամասում կամ այլ տեղ, դրանից հետո խոզերի թաղումը դրա համար հատկացված հատուկ վայրում է կատարվում: Իրականացվել են ախտահանման աշխատանքներ»,- «Ժողովուրդ»-ին ասաց գյուղապետը: Աֆրիկյան ժանտախտի պատճառով որոշ գյուղացիներ մորթում են խոզերը եւ միսը` կիլոգրամը 2000 դրամով վաճառում: Վերավաճառողներն էլ, այն գնելով, կիլոգրամը 2500 դրամով իրացնում են շուկաներում: Հավելենք, որ խոզերի այս հիվանդությունը բուժում չունի: 2007 թվականին աֆրիկյան ժանտախտը տարածվեց Հայաստանում: Մասնագետներն ասում են, որ այդ հիվանդության վարակը 7 տարի պահպանվում է շրջակա միջավայրում: 2007թվականին Տավուշի մարզում այդ հիվանդության համաճարակի հետեւանքով սատկած հարյուրավոր խոզեր չթաղվեցին, նեխեցին անտառներում եւ ձորերում, ինչի արդյունքում վարակը տարածվեց բնության մեջ: Ուստի հայտնի չէ, թե քանի տարի դեռ աֆրիկյան ժանտախտը Տավուշի մարզում կխոչընդոտի խոզաբուծությանը:
ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ