Չբավարարվելով ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի կայացրած որոշմամբ՝ երեկ անձամբ Սերժ Սարգսյանը կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ որոշեց Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին առաջադրել որպես պատգամավորի թեկնածու: Վերջինս սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրություններում կներկայացնի ՀՀԿ-ին ու, թերեւս, կմրցակցի ինքն իր հետ: Բանն այն է, որ հայրենի քաղաքական դաշտում եղած կուսակցություններից որեւէ մեկը մտադիր չէ մասնակցել այդ ընտրություններին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք որոշակի քննարկումներից հետո ի վերջո որոշեցին չմասնակցել ընտրություններին: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե տեղեկություն չունի՝ կմասնակցի՞ ԲՀԿ-ն, թե՞ ոչ: «Ժառանգություն»-ն էլ կորոշի այսօր: Իսկ ՀԱԿ-ը վաղուց է հայտարարել, որ «ձեռքերը լվանում» է: Թերեւս կարելի է կանխատեսել, որ նշված օրը ՀՀԿ-ն պատգամավոր «կնշանակի» Կապանում պարտված քաղաքապետի թեկնածուին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ