ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օգոստոսի 25-ին տեղի են ունենալու Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի ավագանու անդամների եւ Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Հալիձորի համայնքի ղեկավարի թեկնածության համար առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Մարատ Գերասիմյանը եւ անկուսակցական Պարույր Գաբրիելյանը: Իսկ Ազատ համայնքի ավագանու համար թեկնածություն է առաջադրել վեց մարդ. Ազատի հիմնական դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Վահանուշ Մելիքյանը, ՀՀԿ-ական Արմենուհի Տերյանը, անկուսակցական Հասմիկ Հայրապետյանը, ՀՀԿ-ական Նաիրա Գրիգորյանը, ՀՀԿ-ական Իրինա Գրիգորյանը եւ անկուսակցական Էդվարդ Նալբանդյանը:

ԿԲԱՑԱՀԱՅՏԻ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանի՝ վթարի ենթարկվելու դեպքի կապակցությամբ ոստիկանությունում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու առիթով հարուցված քրգործը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 19-ին: Գյուղապետը նշված օրը հրավիրված էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից Մարտի 8-ի առթիվ կազմակերպված խնջույքին: Նրա հարազատները մեզ հետ զրույցում նշել էին, որ նա այդ օրը ալկոհոլ չի օգտագործել, այլ Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ «նրա դեմը կտրել է»՝ վթարի պատճառ դառնալով:
Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գյուղապետի եղբայրը` Վազգեն Ղազարյանը, տեղյակ չէր, որ եղբոր մահվան առիթով հարուցված քրեական գործը կարճվել է: Նա վրդովված ասաց. «Ինչ ուզում են, թող անեն, ես ինքս կբացահայտեմ այս պատմությունը: Հո մենակ ոստիկանությո՞ւնը չի, լիքը մարդիկ կան, որ կարող են դա անել: Անպայման կբացահայտեմ: Ոչ մի բան հենց այնպես չի մնում»:

172-Ն ԵՆ
Ըստ սպորտային կազմակերպություններից ստացված վիճակագրական տվյալների, ՀՀ-ում 2012թ. գործել է 172 սպորտային կազմակերպություն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքում սպորտային կազմակերպությունների քանակը 55 է, Արագածոտնի եւ Արարատի մարզերում՝ 7, Արմավիրում՝ 6, Գեղարքունիքում՝ 9, Լոռիում՝ 18, Կոտայքում՝ 16, Շիրակում՝ 36, Սյունիքում՝ 10, իսկ Վայոց Ձորում եւ Տավուշում՝ 4: Բայց, չնայած այս իրավիճակին, հայ ժողովուրդը մարզվել չի սիրում: Հատկապես տղամարդիկ գերադասում են մեծ փորը:

4 ՄԻԼԻՈՆ ՏԱՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, օգոստոսի 12-ին՝ ժամը 19-ին, Քրիստափորի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Արեգ բիզնես» ՍՊԸ-ին պատկանող խանութից չհրկիզվող պահարան են գողացել, որտեղ եղել է 4 միլիոն դրամ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս