ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Արշակունյաց 127 հասցեի` “Պոլիվինիլացետատ” գործարանի հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչները “Ժողովուրդ”-ի հետ զրույցում դժգոհեցին խաղահրապարակ չունենալուց: Նրանց խոսքով, դեռ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ շենքի առջեւ տեղադրելու նպատակով գունավոր եւ գեղեցիկ խաղային ատրակցիոններ են բերել, սակայն որոշ ժամանակ անց նորից հետ են տարել՝ դրանք փոխարինելով ծանր, երկաթյա եւ գորշ գույներով խաղալիքներով: Բնակիչները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջում են խաղահրապարակի նախկին գունավոր, գեղեցիկ խաղային ատրակցիոնները:
“Պոլիվինիլացետատ” գործարանի հարեւանությամբ գտնվող քառահարկ շենքում այս պահին ապրում է մոտ 30 ընտանիք: Նախկինում շենքը պատկանել է գործարանին, սակայն հիմա այն բնակիչների սեփականությունն է :  
“Նախագահական ընտրություններից առաջ բերեցին, շենքի տանիքը վերանորոգեցին, հետո խաղահրապարակում գունավոր ու գեղեցիկ խաղային սարքավորումներ տեղադրեցին: Խոստացան նախ բակն ասֆալտապատել, հետո տեղադրել նաեւ այլ խաղալիքներ, բայց չարեցին: Հակառակը, որոշ ժամանակ անց եկան ու դրանք էլ տարան՝ փոխարինելով գորշ գույներով, երկաթյա, ծանր խաղալիքներով: Քաղաքապետարանից բերեցին ու ասացին, թե սրանք լավն են, գիտե՞ք, թե ինչքան թանկ գնով ենք ձեռք բերել: Շենքում նորաստեղծ ընտանիքներ են ապրում,  բոլորն էլ երեխաներ ունեն ու պատրաստվում են ունենալ: Բայց մեր բակն անտերության է մատնված”,- ներկայացրեցին վրդովված բնակիչները` շեշտելով, որ  այս վերջին խաղահրապարակն իրենք պետք է կառուցեն: Իսկ համատիրության նախագահն էլ վերջերս է ազատվել աշխատանքից ու մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
Բնակիչների խոսքով, կիսատ կառուցված խաղահրապարակում երեխաները չեն կարող խաղալ. “Այդ  սարքավորումներն ամուր ամրացված չեն, երեխաները նույնիսկ մոտ չեն գնում: Համատիրության նախագահն աշխատանքից ազատվելուց առաջ, իբր թե, փորձեց ինչ-որ կերպ դրանք ամրացնել, բայց փնթի աշխատանք արեցին, ինչի պատճառով մեր երեխաների կյանքը վտանգված է: Մի թեթեւ շարժումից դրանք ընկնում են: Մենք քառակուսու համար 15 դրամ հավաքեցինք, ու այդ գումարով աշխատանքներն արեցին, բայց հենց երեխաները մոտենում են դրանք ,պառկում ենե: Ես չեմ հասկանում` ծաղրո՞ւմ են մեզ սրանով, այդպիսի խաղահրապարա՞կ է լինում”,-բարկացած ասաց 51-ամյա տիկին Վարդիթերը:
Շենքի բնակիչները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջում են նոր, գունավոր ու գեղեցիկ խաղային ատրակցիոններով խաղահրապարակ կառուցել. “Թող նախկին տեսքը վերականգնեն, ինչո՞ւ պետք է մեր երեխաները ճանապարհի վրա խաղան”: Նրանք այս հարցով դեռ չեն հասցրել դիմել պետական կառույցներին: 
“Ժողովուրդ”-ը Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով շարունակվում են բակային տարածքների բարեկարգման ծրագրերը: Իսկ նախորդ տարի այս ծրագրով նորոգվել եւ բարեկարգվել է շուրջ 400 բակ: 
“Այս տարի եւս նախատեսվում է ավելի քան 400 բակի բարեկարգում եւ խաղային ատրակցիոններով, զրուցարաններով կահավորում: Եթե նշված հասցեի շենքն այս պահին ընդգրկված չէ ծրագրով, ապա, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կընդգրկվի բարեկարգման ծրագրերում”,-փոխանցեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանը: 
Քաղաքապետարանից վստահեցրին նաեւ, որ երկու տարի հետո Երեւան քաղաքում չբարեկարգված բակ չի լինի: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 598 համար




Լրահոս