ՃՈ-Ն ԹԱՔՈՒՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ՞ ԿԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ով է «Փարքինգ  սիթի» ընկերությանը հատկացրել համապատասխան տեղեկատվական բազան, որի հիման վրա այդ ընկերությունը կարող է տուգանել վարորդներին:
-Պարոն Արշակյան, այսօր Երեւանում  «Փարքինգ սիթի» մասնավոր ընկերությունը  կարմիր գծանշումներ է իրականացնում ու երթեւեկության իր կանոններն է «թելադրում»: Դուք այդ երեւույթին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ուրեմն ի սկզբանե ես ասեմ, որ  ճանապարհային ոստիկանությունը որեւէ առնչություն չունի «Փարքինգ սիթի» ընկերության հետ: Որքանով որ ես տեղեկացված եմ, դրանք  Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գործողություններ են, ու այդ ընկերությունը կազմակերպում է վճարովի ավտոկայանատեղեր: Իրենց գործելաոճի, իրենց գործունեության հետ կապված որեւէ տեղեկություն չունենք, բայց կարող եմ ասել, որ «Փարքինգ սիթի»-ի կողմից իրականացվող գործողությունները չեն կարող խոչընդոտել երթեւեկության կանոններին: Այսինքն, չեն կարող կազմակերպվել ավտոկայանատեղեր այն հատվածներում, որտեղ օրենքով արգելվում է:
-Բայց այդ ընկերությունն այնպիսի վայրերում է գծանշումներն իրականացրել, որտեղ օրենքով արգելվում է մեքենա կայանել: Օրինակ, լուսացույցերի, հոծ գծերի մոտ արգելվում է մեքենաներ կայանել, սակայն «Փարքինգ սիթի» ընկերությունը այդտեղ գծանշումներ է կատարել: Դա ինչպե՞ս կբացատրեք:
-Ուրեմն դա երեւի թյուրիմացություն է եղել, արդեն ՃՈ երթեւեկության կազմակերպման բաժինը տեղյակ է այդ մասին, այժմ շրջայցեր են իրականացվում: Եվ այդ ընկերությանն արդեն տեղեկացվել է, որ այնտեղ, որտեղ սխալ է կատարվել, այդ գծանշումները պետք է վերացվեն: Երթեւեկության մեջ որեւէ փոփոխություն չի իրականացվելու:
-Իսկ ՃՈ-ն ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ այժմ տուգանող երկրորդ մարմինն է հայտնվել ու, կարելի է ասել, Ձեր ձեռքից «խլել» այդ գործառույթը, քանի որ մշտապես նման գործողություններն իրականացրել են ՃՈ աշխատակիցները:
-Գիտեք ինչ, մի բան հստակ է, որ մեր գործողությունները շատ տարբեր են, ու մենք տարբեր գործառույթների մասին ենք խոսում: Կազմակերպությունը զբաղվում է կոնկրետ կայանատեղիների  աշխատանքներով ու որեւէ առնչություն չունի մեզ հետ: Մենք քաղաքացուն վարչական պատասխանատվության ենք ենթարկում միայն երթեւեկության կանոնները խախտելու դեպքում: Գործառույթը խլելու որեւէ խնդիր չկա, իրենք կանգառները կազմակերպելու են այն տեղերում, որտեղ երթեւեկության կանոներով սահմանվում է:
-Խնդրում եմ ասեք, թե ով է նշված ընկերությանը տրամադրել համապատասխան տեղեկատվան  բազան, որպեսզի կարողանա խախտումների հետ կապված  տուգանքներ նշանակել:
-Անկեղծ եմ ասում՝ ես որեւէ տեղեկություն չունեմ այդ առումով:
-Գրեթե ամեն օր ՀՀ քաղաքացիներից կարելի է բողոքներ լսել` կապված  ճանապարհային երթեւեկության հետ, խնդրում եմ կոնկրետ ասեք, թե ՃՈ-ն ինչ քայլեր է ձեռնարկում առկա խնդիրներին  լուծում տալու համար:
-Յուրաքանչյուր եռամսյակը մեկ, յուրաքանչյուր ամիսը մեկ ճանապարհային ոստիկանությունը վերահսկողություններ է կատարում երթեւեկությունում:  Այսօր մենք ունենք փողոցներ, որտեղ երթեւեկությունը մի փոքր ծանրաբեռնված է, որը կապված է Երեւանում տրանսպորտային միջոցների ավելացման հետ: 6 ամիսների ընթացքում ՀՀ  է  ներմուծվել  մոտավորապես 14.470 տրանսպորտային միջոց, որի  50-60 տոկոսը շահագործվում է Երեւանում: Դա արդեն մեզ առիթ է տալիս մտածելու, որ մենք խնդիրներ ենք ունենալու՝  կապված ծանրաբեռնված երթեւեկության հետ:   Կոնկրետ սեպտեմբեր ամսից մենք կունենանք ծանրաբեռնված երթեւեկություն, ինչին մենք պատրաստ ենք: Բոլոր փողոցներում հատուկ աշխատանքներ են տարվելու, ամեն ինչ արվելու է, որպեսզի երթեւեկությունը թեթեւացվի:
-Վարորդները հույս ունեին, որ տեսախցիկների առկայության դեպքում ավտոտեսուչներն  իրենց էլ  չեն տուգանի, սակայն այսօր, այսպես ասած, ե՛ւ տեսախցիկներն են վարորդներին տուգանում, ե՛ւ ավտոտեսուչները: Ի վերջո, ինչպե՞ս եք կարգավորելու այդ հարցը:
-Դա բացառիկ դեպքերում է,  համատարած բնույթ չի կրում, ոստիկանապետի կողմից շատ խիստ դրված է, որ այն հատվածներում, որտեղ երթեւեկությունը հսկվում է տեսախցիկներով, այդ տարածքում ՃՈ-ն որեւէ վարչական գործողություն կատարելու իրավունք չունի: Չկա մի դեպք, երբ քաղաքացին մեկ խախտումի համար  երկու տուգանք վճարի:
-Վերջերս մի խումբ վարորդներ մեզ ահազանգեցին այն մասին, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի վրա հայտնվել են տեսախցիկներ, որոնք նկարահանում են մեքենայի հետեւի հատվածից, եւ այդ մասին նախազգուշացնող համապատասխան ցուցանակներ չկան:  Ինչո՞ւ եք նման «թաքուն» գործողություններ կատարում:
-Երեւանում եւ ՀՀ տարածքում կան տեսախցիկներ, որոնք մեքենան նկարում են հետեւից, որեւէ թաքուն բան չկա, երկու կողմից էլ տրամադրված են, օրինաչափ են, ու համապատասխան նշաններն էլ տեղադրված են, որպեսզի վարորդը տեղեկանա այդ մասին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս