ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՈՒՏ ԽՈՍԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի հաջորդ նիստին իրենց ոլորտներում տնտեսական աճի վերլուծություն իրականացնեն եւ ներկայացնեն կառավարությանը: Սակայն վարչապետի հերթական հանձնարարությունը մնացել է «օդում կախված», անգամ վարչապետը իր հանձնարարությանը չի «հետեւում»: Արդեն որերորդ կառավարության նիստն է տեղի ունենում, բայց նախարարները որեւէ աճի ցուցանիշ չեն ներկայացնում:
Նախ բառացիորեն հիշեցնենք վարչապետի խոսքերը. «Պետք է կարողանանք գնահատել պոտենցիալը եւ ապագա անելիքները, որպեսզի այս տարի եւս մենք ապահովենք տնտեսական բարձր աճի ցուցանիշներ: Լուրջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել մեր տնտեսության մեջ, եւ մենք պետք է կարողանանք նայել, թե որոնք են այն բացասական միտումները, որոնք առկա են, եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ այդ ոլորտներում ապահովենք աճի տեմպեր… Հաջորդ շաբաթ կառավարության նիստում կանդրադառնանք այս հարցերին»: Տ. Սարգսյանն անգամ ընդգծեց, որ այն ոլորտներում, որտեղ տնտեսական աճի տեմպերը բարձր են, պետք է միջոցներ ձեռնարկել դրանց կայունացման համար: Առաջին հայացքից կարելի է կարծել, որ ՀՀ վարչապետն իսկապես նպատակ է դրել ՀՀ-ում տնտեսական աճ ապահովել ու հանրությանը ներկայացնել իրական ցուցանիշներ:
Նրա այս հայտարարությունից հետո մեկ նիստ է եղել, սակայն կառավարության նաեւ երեկվա նիստի ժամանակ որեւէ խոսք չհնչեց տնտեսական աճի վերլուծությունների մասին: Նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ու այնպիսի տպավորություն էր, որ ուղղակի կառավարության անդամները հավաքվել էին ինչ-որ նախագծեր ընթերցելու, «հաստատում» բառը լսելու ու հեռանալու համար:
Տեղեկացնենք, որ գործադիրը երեկ հաստատեց կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձեւը եւ ժամկետները: Որոշվեց նաեւ հետաձգել «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ու վերջ:
Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց կառավարության անդամներից պարզել, թե ի վերջո ինչո՞ւ չեն կատարում ՀՀ վարչապետի հանձնարարականը ու ինչո՞ւ չեն ներկայացնում տնտեսական աճի վերլուծություն: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Հանձնարարականը գրավոր ստացել ենք, աշխատանքները ընթացքի մեջ են, կներկայացվի կոմիտեի քննարկմանը, այնուհետեւ՝ կառավարություն»: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ նշեց, որ որեւէ խնդիր չկա. «Անպայման կներկայացնենք»։ Բայց թե երբ, դեռեւս նախարարների համար էլ է անհայտ: Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սփյուռքի նախարարությունը չունի այնպիսի ձեռնարկություններ, որպեսզի տնտեսական աճ ներկայացնի»:
 «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանից պարզել, թե ինչու վարչապետը իր հանձնարարականներին չի «հետեւում»: Մեր զրուցակիցը նշեց, որ նախարարները տնտեսական ցուցանիշները կներկայացնեն, երբ վարչապետը վերադառնա արձակուրդից:
Փաստորեն, կառավարությունում «ջրհեղեղ» է լինելու այնքան ժամանակ, մինչեւ վարչապետը վերադառնա արձակուրդից: Իսկ իրականում ակնհայտ է, որ վարչապետը հերթական անգամ ժողովրդահաճո հայտարարություն արեց ընդամենը՝ իր PR-ի շրջանակներում եւ վերջ: Մինչդեռ հերթական անգամ նրա հայտարարությունն էլի շուռ եկավ իր դեմ. ստացվում է, որ երկրի գործադիր մարմնի ղեկավարը «խրոխտ» ձայնով հանձնարարություն է տալիս ու շեշտում, որ հենց հաջորդ նիստին նախարարները պետք է տնտեսական աճ ներկայացնեն, բայց ինքը իր «հանձնարարությունը» չի կատարում: Ավելին, պարզվում է, որ մեկ շաբաթում  նախարարները չէին էլ կարող այդ հանձնարարությունը կատարել. ֆիզիկապես անհնար էր հասցնել ներկայացնել: Նրանք դեռ պետք է կառավարության կոմիտեում ներկայացնեն, այնտեղ հաստատվի, հետո նոր հրապարակեն կառավարության նիստում:
Ի դեպ, նկատենք, որ ՀՀ վարչապետն իր այս անտարբեր վերաբերմունքով անգամ օրենք է խախտում: Բանն այն է, որ, ըստ «ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» օրենքի. «Վարչապետի կողմից սահմանված լիազորությունների շրջանակում եւ կարգով կառավարության անդամը կարող է իրականացնել համակարգող նախարարի գործառույթներ, այն է՝ որոշակի ոլորտների քաղաքականության իրագործման, այդ ոլորտների հանրապետական գործադիր մարմինների, մարզպետների եւ Երեւանի քաղաքապետի գործունեության համակարգումը, ինչպես նաեւ Վարչապետի հանձնարարությամբ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին տալ հանձնարարականներ եւ իրականացնել դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն»: Փաստորեն, Տիգրան Սարգսյանը հանձնարարությունը տվել է, իսկ վերահսկողություն չի կատարվում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս