ՄՏԱԴԻՐ Է ՃԱՆԱՉԵԼ
Եգիպտոսը մտադիր է ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրը այս կապակցությամբ գրառում է արել. «ՄԱԿ-ում Եգիպտոսի ներկայացուցիչները կստորագրեն միջազգային փաստաթուղթ, որով ճանաչվում է թուրքական բանակի կողմից իրականացված մեկ միլիոն հայերի ցեղասպանությունը»: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, պատմաբան Ռուբեն Մելքոնյանը «Թերթ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության խնդրի բարձրացումն ունի քաղաքական շարժառիթ, եւ երբ Թուրքիայի հետ այդ երկրի հարաբերությունները կարգավորվեն, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դուրս կգա եգիպտական իշխանությունների օրակարգից:
ԿՀԱՆԴԻՊԵՆ
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտնել է, որ «ոչ մի խնդիր չկա Հակոբ Ինջիղուլյանի հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հանդիպման համար»: Այս մասին գրում է «Թերթ»-ը: Ըստ Է. Սաբիրօղլուի՝ հայ գերու եւ ԿԽՄԿ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 16:00-ին, կազմակերպության Բաքվի գրասենյակում:
ՄԵՌԵԼՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ եկեղեցական տոներին հաջորդող երկուշաբթիները համարվում են մեռելոցի օր եւ Հայաստանում հռչակվել են ոչ աշխատանքային: Երեկ հերթական մեռելոցն էր, ինչը զանազան մեկնաբանությունների տեղիք է տվել հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական կայքում: Լրագրող Արգիշտի Կիվիրյանը, օրինակ, իր էջում գրել է. «Տարիներ անց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշելիս բոլորի աչքի առաջ են գալու միմիայն իր անթիվ մեռելոցները ու ձեռի հետ էլ արած մի քանի մայմունություն՝ այլ որեւէ բան ինքը իր հետեւից չի թողել»:
ՎԱՐՁԻ ԽՆԴԻՐ
Այսօր՝ ժամը 10:00-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստվում է հանդիպել «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ: ԿԳՆ-ից հայտնում են, որ քննարկվելու են բուհերի ուսման վարձավճարների բարձրացման եւ բարձրագույն կրթության համակարգին վերաբերող խնդիրներ:
ԾԵԾԵԼ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ
Մի խումբ անձանց կողմից խոշոր չափի կողոպուտ կատարելու մեջ կասկածվող 16-ամյա Էմիլ Հարությունի Հակոբյանը մի քանի օր անընդմեջ դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում: Այս մասին գրում է «Պանորամա»-ն` հղում անելով Հակոբյանի փաստաբան Արթուր Ալիխանյանին. «Նրան բերման են ենթարկել օգոստոսի 15-ին՝ ժամը 5-ի սահմաններում, իսկ իրականում բերման ենթարկելու որոշումը գրել են ժամը 22:30-ին: Հետո ձերբակալման արձանագրությունը գրել են արդեն ամսի 16-ի գիշերը՝ ժամը 01:20-ին, ու ձերբակալվածի կարգավիճակում պահել մինչեւ երեկ՝ ուշ ժամը. 72 ժամից կես ժամ 40 րոպե ավել են պահել: Բայց դատարանը խափանման միջոցը կալանքն ընտրեց»: Փաստաբանի խոսքով՝ իր անչափահաս պաշտպանյալն ասել է, որ իրեն ծեծել են՝ գլխի հատվածում ու դեմքին պարբերաբար խփելով: Ա. Ալիխանյանը փոխանցել է նաեւ, որ իր պաշտպանյալն ասել է, թե տեսնելուն պես կարող է ճանաչել իրեն ծեծող ոստիկաններին: