ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` օֆշորաին սկանդալի պատմությունը ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ուղարկել է հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին գրել էր, որ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակել էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի՝ բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցված ընկերությունների եւ դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները: Հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների անունները, որոնց միջոցով գլխավոր հարկադիր կատարողը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնն օգտագործելով: Ապրիլի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մամուլում հրապարակված տեղեկություններն ուղարկել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որպեսզի ուսումնասիրեն Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները:
Օֆշորային աղմկահարույց հրապարակումից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 18-ին, Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Սերժ Սարգսյանին: Շուրջ երեք շաբաթ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ուսումնասիրում էր Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների հետ կապ ունենալու մասին տեղեկությունները, եւ դատելով երեկ ՀՀ գլխավոր դատախազության արած քայից՝ իրավապահները լուրջ հետքերի վրա են դուրս եկել, եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշում է կայացրել Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից վերցնել եւ ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Ըստ ամենայնի, իրավապահների ձեռքում հայտնվել են կոնկրետ փաստեր, որոնք առնչվել են հենց գեներալ մայորի գործունեության հետ: Ու քանի որ նա նախկին պաշտոնյա է, ապա նրա գործով պետք է զբաղվի ՀՔԾ-ն: Իսկ ինչ կարող էին իրավապահները բացահայտած լինել: «Ժողովուրդ»-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուներից լուրեր հասան, որ Միհրան Պողոսյանի գործունեության մասով որոշակի բացահայտումները կապված են նրան պատկանող ընկերությունների հետ: Օրինակ՝ երբ ինչ-որ ընկերություն գույքը վաճառել է մեկ այլ ընկերության, իրավապահները փորձել են հասկանալ, թե գույքը գնած անձը կամ ՍՊԸ-ն ովքեր են, հետագայում պարզվել է, որ իրականում ԴԱՀԿ նախկին պետի կողմից վաճառվածը ու դրա գնորդը ուղիղ կամ անուղղակի կապ են ունեցել իրար հետ: Այսինքն՝ «աչքը կտրած» գույքը Միհրան Պողոսյանը էժան աճուրդով գնել է տվել իր հետ փոխկապակցված ընկերությունների կամ անհատների, հետո արդեն շուկայական գնով այն վաճառել: Ասել է, թե պետություն, պետության ներսում:
Նկատենք, որ Միհրան Պողոսյանի բիզնես գործունեության մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, սակայն ինչու իշխանությունները որոշեցին հենց այս հրապարակումից հետո նրա հարցով զբաղվել, դժվար է ասել:
Ի դեպ, երեկ Ազգային ժողովում նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի եւ նրա մերձավոր ազգականներին պատկանող, Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ ICIJ-ի հրապարակումներում տեղ գտած փաստաթղթերին անդրադարձել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Այս պահի դրությամբ քննություն է ընթանում, եւ նախապատրաստվում են նյութեր: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իր իրավասությունների շրջանակում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է, պարզապես կարեւոր է մի բան հասկանալ, թե հասցեականությունը որտե՞ղ է, եւ կոնկրետ որ պետական մարմնից ի՞նչ պետք է ակնկալել:
Եթե խոսքը գնում է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին, ապա թույլ տվեք տեղեկացնել, որ այս կապակցությամբ կարեւոր մի քանի քայլեր իրականացվել են, եւ իրավապահ համակարգի գործառույթները չպետք է զուգահեռվեն, կառավարությունը պետք է իրականացնի այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն են տալիս մշակել համապատասխան մեխանիզմներ եւ ի սկզբանե՝ դեռեւս կրթության փուլից սկսած, կոռուպցիայի դեմ պայքար իրականացնել»:
Իսկ թե ինչ արդյունք կտան ՀՔԾ-ի ուսումնասիրությունը եւ նյութերի նախապատրաստման ընթացքը, ի վերջո, կհարուցվի քրեական գործ, թե ոչ, առայժմ դժվար է կանխատեսել:
Քնար Մանուկյան