Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը օգոստոսի 27-ին հանդիպել է Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։
Արգենտինայի փոխնախագահն իր տպավորություններն է կիսել ընթացիկ տարվա ապրիլին՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով Հայաստան կատարած այցելությունից։ Ամադո Բուդուն բարձր է գնահատել ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի հետ ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մեծապես կարևորելով Արգենտինայի փոխնախագահի այցելությունը՝ դեսպան Մելիքյանը նշել է, որ այն նոր ճանապարհ հարթեց երկու երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և առավել խորացման համար։ Ըստ դեսպանի, այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ առկա է չօգտագործված հսկայական ներուժ, որի կյանքի կոչման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները։
Առանձնակի դրվատանքով խոսելով արգենտինահայ համայնքի մասին՝ փոխնախագահ Բուդուն նշել է, որ այն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև առևտրատնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերին։