Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկամսյա կալանքի որոշում կայացրեց շորթման կասկածանքով մայիսի 3-ին ձերբակալված Analitik.am կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամբ:
Նշենք, որ քննչական մարմինը Վարդիթեր Գիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու միջնորդություն էր ներկայացրել:
Նիստը տեղի է ունեցել դռնփակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: