ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի բնակչուհի Սվետլանա Այվազյանը երկար ժամանակ աշխատել է «Քլիներս» մաքրման ծառայություններ իրականացնող կազմակերպությունում: Սակայն այս տարվա ապրիլի 1-ին կրճատման տակ է ընկել եւ ազատվել աշխատանքից: Իսկ աշխատանքից ազատման մասին տեղեկությունը նրան ընկերության տնօրենը հայտնել է հեռախոսով՝ պատշաճ կարգով ծանուցելու փոխարեն:

Նշենք, որ «Քլիներս» ընկերությունը մաքրման ծառայություններ է իրականացնում ոչ միայն բնակարաններում, առանձնատներում, այլեւ առեւտրային տարածքներում: Այս ընկերության պատվիրատուներն են Zara, Levi’s, Bershka, Megasport, Time հայտնի բրենդային խանութները, Yerevan Mall, Ucom, Beeline, I-electronics առեւտրի կենտրոնները:
Երեւանի բնակչուհի Սվետլանա Այվազյանը նույնպես աշխատել է «Քլիներս»-ում: Իսկ մինչ այդ՝ 2009-2014 թվականներին, նա աշխատել է «Յու քոմ» ընկերությունում որպես մաքրուհի: Սակայն 2014 թվականին «Յու քոմ»-ի տնօրինությունը ընկերության մաքրման աշխատանքներն իրականացնող աշխատակիցներին փոխանցել է, որ մաքրման աշխատանքներն այսուհետ իրականացնելու է «Քլիներս»-ը, որի աշխատակիցներն էլ հենց իրենք են համարվում:
«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին պատմեց, որ «Քլիներս» ընկերության տնօրեն Գարուշ Պապիկյանը ընկերության աշխատակիցների հետ «կոպիտ է վերաբերվում, իսկ երբեմն էլ բղավում է նրանց վրա»:
«Անպաշտպան կանայք ենք, խեղճ, անհույս ու անուս: Չենք ցանկանում կորցնել աշխատանքը, լռում ենք, հոգեբանորեն սթրես ապրում, կուլ ենք տալիս մեր հասցեին հնչած վիրավորանքները: Եւ այս ամենը չնչին աշխատավարձի դիմաց: Բայց ինչ արած՝ պատասխանատու ենք մեր ընտանիքի առաջ. չէ որ նրանց կերակրել է պետք: Մենք բոլորս էլ կանգնած ենք թոշակառու դառնալու շեմին, ինչի համար էլ ընկերության տնօրենը՝ Գ. Պապիկյանը, հեշտությամբ է մեզ վիրավորում: Նա չի կարողանում մարդկանց հետ աշխատել, իրեն զուսպ ու հանգիստ չի պահում»,- վրդովված պատմեց տիկին Սվետլանան:
Վերջինս նշեց, որ ընկերության տնօրինությունն իրենց աշխատեցնում էր նաեւ հանգստյան օրերին՝ հատկապես շաբաթ օրը, սակայն դրա դիմաց չէր վճարում:
«Այդ երիտասարդի (խոսքը Գարուշ Պապիկյանի մասին է) մեջքին կանգնած է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Միթե չի տեսնում, թե իրեն ինչպես է պահում: Ստեղծել են իրենց ընտանեկան գաղութը եւ մեզ հետ վարվում են ինչպես ստրուկների հետ: Եթե որեւէ մեկը ըմբոստանա, ապա միանգամից ասում են հետեւյալը՝ դու աշխատանքիցդ ազատված ես: Տեսախցիկներով հետեւում են աշխատակիցներին, որպեսզի պարզեն, թե ով է հեռախոսով խոսում, եւ անմիջապես նկատողություն են անում»,- ներկայացրեց տիկին Սվետլանան:
Ըստ նրա՝ ընկերությունը վերջին շրջանում բազմաթիվ աշխատակիցների է կրճատել: Ինքն էլ է կրճատման տակ ընկել: Սակայն աշխատանքից ազատվելու մասին տեղեկացվել է հեռախոսով: «Զանգել եմ մարտի 31-ին, որպեսզի տեղեկանամ, թե որ մասնաճյուղում եմ ապրիլի 1-ին աշխատանքի: Ու այդ ժամանակ ինձ ասացին, որ ես ապրիլի 1-ից այլեւս չեմ աշխատում «Քլիներս»-ում: Այսինքն՝ իրենք ինձ երկու շաբաթ առաջ չեն տեղեկացրել աշխատանքից ազատման մասին: Իսկ վերջնահաշվարկը տվել են, բայց քիչ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Քլիներս»-ի տնօրեն Գարուշ Պապիկյանի հետ եւ հետաքրքրվեց, թե երբ են վճարելու Սվետլանա Այվազյանի վերջնահաշվարկի մյուս մասը:
«Ես հիմա զբաղված եմ, չեմ կարող խոսել: Իսկ Սվետլանային փոխանցեք հետեւյալը՝ թող հա բողոքի: Վերջնահաշվարկ ինքը ստացել է եւ դրա տակ ստորագրել: Իսկ մնացած հարցերով թող դիմի դատարան», – անտարբեր տոնով հայտարարեց Գ. Պապիկյանը:
Նշենք, որ տիկին Սվետլանան պատրաստվում է հետեւել իր նախկին տնօրենի խորհուրդին եւ դատի տալ ընկերությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԳԱԶԻ ԳԻՆԸ ԿՆՎԱԶԻ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով: Ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի տեղեկացմամբ` հայտով առաջարկվում է ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։ Այսինքն` բնակիչների համար գազի մեկ խմ սակագինը 156-ից կդառնա 146,7 դրամ:

 

 

ԱՀԱԲԵԿՉԻՆ ԱՐՏԱՀԱՆՁՆԵԼ ԵՆ
2015թ. նոյեմբերի Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին Բելգիայի իշխանությունները երեկ առավոտյան արտահանձնել են Ֆրանսիա: Տեղեկությունը տարածել է Բրյուսելի դատախազությունը, երբ Աբդեսլամն արդեն գտնվել է Ֆրանսիայի տարածքում: Ահաբեկչի տեղափոխությունը կատարվել է խիստ գաղտնիության պայմաններում, որպեսզի խուսափեն Աբդեսլամի հնարավոր փախուստից ու նրա՝ ազատության մեջ գտնվող համախոհների հնարավոր հարձակումներից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչի արտահանձնումը պլանավորվում է իրականացնել մայիսի սկզբին:
Համարվում է, որ Աբդեսլամը ահաբեկչական խմբի միակ ողջ մնացած անդամն է, որը հարձակումներ էր իրականացրել Փարիզում: Ահաբեկչությունների զոհ էր դարձել 130 մարդ:




Լրահոս