ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ՈՒ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2015 թվականի նոյեմբերի 11-ին Եվրամիությունը ֆինանսավորում էր հատկացրել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար: ԵՄ-ն մի շարք ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հարցով առանձնացրել էր նաեւ սեռական փոքրամասնությունների մասով օրենքում կարգավորումներ իրականացնելու հարցը:

Ասել է, թե ԵՄ-ն ցանկանում է, որ Հայաստանում համասեռամոլների իրավունքների պաշտպանության հարցով ստեղծվի հատուկ մարմին, կամ այսպես ասած՝ հանձնաժողով, որը կզբաղվի միայն սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ:
Տեղեկացնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը հաստատել էր «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության» համաձայնագիրը, որով նախատեսված է գումար հատկացնել: Թե ինչին, հրամանագրի տեքստից հասկանալի չէ: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` որոշում եմ. Հաստատել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին եւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը»,- գրված է Սերժ Սարգսյանի հրամանագրում, որն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Հիմա ՀՀ արդարադատության նախարարությունում դեռ շարունակում են քննարկումները, որպեսզի լրամշակեն «խտրականությունների դեմ պայքարի» մասին ՀՀ օրենքը: Ու քանի որ ԵՄ համաձայնագրում կոնկրետ պահանջ կա սեռական փոքրամասնությունների հարցով զբաղվող հատուկ մարմին կամ հանձնաժողով ստեղծելու մասին, սա, համաձայնեք, բավականին աղմկոտ պատմություն կարող է դառնալ, որովհետեւ մեր երկրում փաստացի ձեւավորվելու է «երկնագույների օմբուդսմենի» ինստիտուտ:
«Ժողովուրդ»-ին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Եվրամիությունը ի սկզբանե ծրագիրը գրելուց առաջարկել է, որ Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններին կից ստեղծվի սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ, որն էլ կբարձրացնի նրանց հուզող հարցերը եւ կապահովի նրանց իրավունքների ոտնահարման հնարավոր դրսեւորումները, սակայն ծրագրի քննարկման ժամանակ արդարադատության նախարարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը ասել են, թե ՄԻՊ-ը անկախ մարմին է, թող իրենք էլ զբաղվեն, ինչին էլ ԵՄ-ն համաձայնություն է տվել:
Նկատենք, որ Եվրամիությունը հակախտրականության հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ աշխատել է արդարադատության նախարարության հետ, եւ այդ աշխատանքային գործընթացի մեջ ներգրավված է եղել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը: Ու հենց նույն Թաթոյանի առաջարկով է որոշվել մերժել «երկնագույներին պաշտպանելու» գործառույթը հասարակական սեկտորին հանձնելու տարբերակը: Նա առաջակել է հենց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տալ «երկնագույների պաշտպանությունը»՝ հիմնավորելով, որ նրանք էլ են մարդ, եւ նրանց իրավունքները եւս կարող է պաշտապնել օմբուդսմենը, եւ առանձին մարմին ստեղծելու անհրաժեշտություն չկա:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այլեւս օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի կողմից միանշանակ չի ընդունվել այս տարբերակը, բայց քանի որ պետական մարմինը նման որոշման է հանգել, նա ստիպված է եղել սպասել, մինչեւ օրենքի նախագիծը հասնի ՄԻՊ գրասենյակ: Ու մինչ Կարեն Անդրեասյանը կփորձեր ելքեր գտնել՝ ԵՄ դեսպանի հետ տարբեր զրույցներում չարաբաստիկ նախագծից խուսափելու համար, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Անդրեասյանը 2016 թվականի հունվարի 12-ին հրաժարական տվեց եւ օմբուդսմենին փոխարինեց Արման Թաթոյանը: Այո, նույն Թաթոյանը, որը կրակի մեջ էր գցել Կարեն Անդրեասյանին ու ՄԻՊ կառույցին: Ինչպես ասում են՝ «փոս փորողն ինքը փոսը ընկավ»:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը փորձեց ՄԻՊ գրասենյակից պարզել, թե արդյոք արդեն սեռական փոքրամասնությունների նախագծի ստեղծման շուրջ քննարկումները սկսվել են, եւ ի՞նչ է անում ՀՀ օմբուդսմենը այդ հարցով իրազեկման աշխատանքներ իրականացնելու ու հանրության իրավագիտակցությունն այդ ոլորտում բարձրացնելու ուղղությամբ: Ի պատասխան՝ ՄԻՊ մամուլի քարտուղար Ռոնա Ահարոնյանն ասաց. «Դեռեւս 2015 թվականին արդարադատության նախարարությունը մշակել է «Խտրականության մասին» օրենքի նախագիծ, սակայն դրանով մինչեւ այսօր որեւէ այլ բան չի արվել, եւ թե ինչ փուլում է, մենք չգիտենք: Նախկինում նախատեսվել է, որ օմբուդսմենի աշխատակազմում լինի առանձին կառույց, առանձին խումբ, որը պիտի զբաղվի խտրականության դեմ պայքարի թեմաներով, բայց մեզ դեռեւս նախագիծ չի ներկայացվել, որ մենք սկսենք դրա գործունեությամբ զբաղվել»:
Հ. Գ. Նկատենք, որ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում թեեւ նշված է ֆինանսավորման հատկացման մասին, սակայն գրված չէ, թե ինչքան գումարի մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Եվրամիությունը 12 մլն եվրո է նախատեսել տրամադրել Հայաստանին՝ «երկնագույների օմբուդսմենի» ինստիտուտի ձեւավորման համար: Ու քանի որ մեր երկրին միշտ եւ շատ գումար է անհրաժեշտ, ուստի այլեւս կարեւոր չէ, թե դրամաշնորհն ինչ անունով է երկիր մտնում, գլխավորը գումարն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄԱՐԶՊԵՏԻ  ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ
Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 2015 թվականի մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ նրա եղբոր որդիների մասնակցությամբ ծեծի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ մարզպետի մտերիմները ծեծի էին ենթարկել Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին: Ի սկզբանե Զաքարյանների հարազատները կատարվածում մեղադրում էին մարզպետի որդուն՝ նշելով, որ հենց նա է հարվածել եւ ծանր վնասվածք հասցրել Հարություն Զաքարյանին, ինչի արդյունքում նա կորցրել է մեկ աչքի տեսողությունը:
Սյունիքի մարզպետի որդուն կալանավորեցին, սակայն ավելի ուշ ազատ արձակցեին եւ ավելին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումն էլ դադարեցրին: Իսկ թե ինչու Զաքարյանները մինչեւ վերջ չպայքարեցին, որ մարզպետի որդին պատասխանատվության ենթարկվի, այդպես էլ մնաց հանելուկ:
Ինչեւէ: 2015 թվականին նշյալ ծեծի գործով նախաքննությունը ավարտվեց եւ նոյեմբերի 11-ին ուղարկվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ, ահա, դատարանի առաջ կանգնեցին Սուրիկ Խաչատրյանի մտերիմները Յուրի Մանուչարյանը,Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, վերջինիս եղբայր Սեյրան Խաչատրյանը, նրա որդին՝ Էյներ Խաչատրյանը, Մայիս Խաչատրյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Սդղլի գյոլ տանող ճանապարհի խաչմերուկի մոտ Մուշեղ Զաքարյանին ծեծի ենթարկելու եւ նրա առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով: Նշենք, որ այս գործով երկրորդ դատական նիստն է կայացել, սակայն ծեծի ենթարկված Մուշեղ Զաքարյանը այդպես էլ դատական նիստերին չի ներկայացել: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նա այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ավելին՝ երեկ տեղեկացանք, որ դատական նիստի ժամանակ Մայիս Խաչատրյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան վերջինիս խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինել եւ ստորագրությամբ ազատ արձակել, սակայն դատավոր Անդրանիկ Մնացականյանը մերժել է պաշտպանի միջնորդությունը:

 

 

ԽԱՐԴԱԽԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑԻՆ
Ապրիլի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանը փախուստի էր դիմել: Հիշեցնենք, որ Սպարտակ Դանեիլյանը ՔԿՀ մի շարք քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություններ էր կատարել: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է վերջինիս: Գրել էինք, որ նա փախուստի էր դիմել հետնամուտքով, իսկ սենյակի մուտքի մոտ, որտեղից փախուստի էր դիմել, որեւէ մեկը չի հսկել եւ, ամենայն հավանականությամբ, Սպարտակը՝ տեսնելով, որ դռան մոտ որեւէ մեկը չի հսկում, ճողոպրել է:
Միջադեպից հետո Կենտրոնի դատարանը որոշել էր կալանավորվածների համար սահմանված սենյակի մուտքի մոտ, բացի ոստիկաններից, հսկողություն սահմանեն նաեւ դատարանի կարգադրիչները:

 

 
ԴՐԱԿԱՆ  ՏԵՂԱՇԱՐԺ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Վնասվածքաբանների, պլաստիկ եւ միկրովիրաբույժների մասնակցությամբ կատարվում է վերքերի մշակում ժամանակակից մեթոդով: Պայթյունից տուժած 37-ամյա հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար: Շարունակվում են նեղ մասնագիտական խորհրդատվությունները: «Արմենիա» Բ/Կ-ում բուժվող 3 քաղաքացիների վիճակը նույնպես, բժիշկների գնահատմամբ, բավարար է, առկա է դրական տեղաշարժ:

 

 

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ ՉԷ
Ապրիլի 29-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով 16-րդ դատական նիստի ընթացքում Պերմյակովը հրաժարվել է «Օդնոկլասսնիկ» սոցիալական կայքում իր կողմից արված գրությունից, ըստ որի` հրաժարվում է Աստծուց, նվիրվում է սատանային՝ խոստանալով նրան զոհաբերել մի քանի կին, տղամարդ եւ երեխաներ: Չնայած Պերմյակովը նույնպես, ինչպես փաստաբաններից ոմանք, իր արածը վերագրում է հոգեկան հիվանդի պահվածքի, այնուամենայնիվ, խոստովանել է՝ ասելով. «Ես հոգեկան հիվանդ չեմ»: Դատական հաջորդ նիստը կլինի առաջիկա ուրբաթ:

 

 

ԾՆՆԴԿԱՆ Է ՄԱՀԱՑԵԼ
Նախօրեին Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել, ինչի մասին բժշկական կենտրոնի տնօրինությունը տեղեկացրել է գլխավոր ՀՀ ԱՆ մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին: ՀՀ առողջապահության նախարարը նույն օրը` ապրիլի 28-ին, հրավիրել է խորհրդակցության «Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի եւ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս