Սերժ Սարգսյա՞նն էլ է «Գուգլ մափով» չափել կորցված հողերը. հանրապետական այս վարչախումբն ու հայրենասիրությունն անհամատեղելի երեւույթներ են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ դեռ մեկ ամիս առաջ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է ավելի քան 700 հա տարածք` լրատվամիջոցները այդ տեղեկատվությունն ուղղակի շրջանցեցին` դա համարելով այդ պահին առավել ճիշտ մոտեցում: Երբ դրանից օրեր անց այդ մասին հարց ուղղվեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, նա հեգնեց, թե՝ ինչով են հաշվել, «Գուգլ մափո՞վ»: Իսկ երբ արդեն անցած շաբաթ Ժիրայր ՍԷֆիլյանը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է 7 միլիոն քմ տարածք` բազմաթիվ «ասֆալտի ֆիդայիներ», կենացային գեներալներ եւ, բնականաբար, չափազանց հայրենասեր հանրապետականներ, շտապեցին Սէֆիլյանին ազգի դավաճան համարել, թե բա` ինչպես կարելի է նման սուտ եւ դավաճանական հայտարարություններ անել: Բայց երբ այդ մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը, «ձեռքի հետ» էլ այդ թիվը կլորացնելով-դարձնելով 800 հեկտար, վերը թվարկված բոլոր «սուտի հայրենասերները» լլկվեցին, եւ, բնականաբար, ՊՆ-ից էլ ոչ ոք չհարցրեց` իսկ ինչով էր Սարգսյանը հաշվել` «Գուգլ մափո՞վ»:

Բայց եթե միայն սսկվեին այս «հայրենասերները», դեռ ոչինչ, նրանք, սակայն, լծվել են Սերժ Սարգսյանի արձանագրած-վավերացրած կորուստների արդարացման գործին: Մեկը մյուսին հերթ չտալով` ՀՀԿ-ականները հայտարարում են՝ ինչն է ավելի կարեւոր՝ հողակտորը, թե մարդկային կյանքերը, դրանք ոչ մի ռազմավարական նշանակություն չունեին, եւ էլի նման անհեթեթություններ:

Իսկ երեկ էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գերազանցելով բոլորին, հայտարարեց, թե «կորցրած հողը ամայի տարածք էր, չպետք է ծանրանալ այդ խնդրի վրա»: Սա, ինչպես ասում են, վերջն է: Այո՛, ծանրանալ պետք չէ, պետք է թեթեւորեն հանձնել այդ «ամայի տարածքը», որի ազատագրման համար 1994թ. հայկական ուժերը 4 ամիս շարունակ կատաղի մարտեր են մղել, որոնց արդյունքում մենք ունեցել ենք 400 զոհ: Թե այդքանից հետո ինչպես կարելի է բնորոշել այս հանրապետականի հայտարարությունը, թողնում ենք նրա ու նրա կուսակցապետի խղճին: Սակայն մի բան նա, բոլոր հանրապետականներն ու մնացած «պացիֆիստները», որոնք այդքան մտահոգվում են զոհեր չտալու մասին, մոռանալով արդեն իսկ հեղված մեր 400 հերոսների արյունը, էլ չասած` ապրիլին այդ դիրքերում զոհված տղաների մասին, ահա, բոլոր այդ մարդիկ պատասխան են տալու:

Թող մի րոպե անգամ չմտածեն, որ այսպես հետկար առ հեկտար մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հողը հանձնելով թշնամուն` ի վերջո, կարողանալու են կոտրել մեր ժողովրդի ոգին ու պարտադրել պարտվողական համաձայնագիր: Չի լինելու նման բան: Վկան` ապրիլյան պատերազմում վիրավորված մեր քաջերն են, որոնք փափագում են օր առաջ վերադառնալ սահման` կիսատ գործն ավարտին հասցնելու: Նրանց եւ մեր հայրենիքը սիրող քաղաքացիների համար այլեւս ակնհայտ դարձավ, որ հանրապետական այս վարչախումբն ու հայրենասիրությունն անհամատեղելի երեւույթներ են:




Լրահոս