«Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում» դրամաշնորհային ծրագիրն իրականացնում է «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը: Այդ նպատակով վերջինս ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից ստացել է 24 մլն 311 հազար դրամ:
Հիշեցնենք, որ դեռեւս 2012 թվականի ապրիլի 16-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքվել էր համաձայնագիր՝ «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը իրականացնելու վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ մարզերում եւ Երեւանում անցկացվել են 108 փորձագիտական հարցազրույցներ, 41 ֆոկուս խմբեր, 5 խորացված հարցազրույցներ ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հետ, 7 կլոր սեղաններ՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Եղեգնաձորում, որոնց աշխատանքներին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների լիդերներ ու ակտիվիստներ եւ գյուղերի բնակիչներ:
Ի դեպ, ծրագրի բոլոր մասնակից անձանց հետ կնքվել են վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց կից նշվել են ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքները: Ծրագրի աշխատակիցներն են եղել՝ ծրագրի համակարգող, 3 փորձագետ, 9 հարցազրուցավար, վարչական գծով պատասխանատու, հաշվապահ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ: Իսկ նրանց ընտրությունը կատարվել է ՊՈԱԿ-ի բազայում առկա մասնագետներից: Կամայական կերպով բանավոր հարցազրույցի են հրավիրվել մասնագետներ, որոնց ընտրության վերաբերյալ բացակայում է գրավոր արձանագրություն: Այնուհետեւ նրանց հետ կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ ՊՈԱԿ-ի կողմից ծրագրի շրջանակներում գնվել են 18 մլն 515 հազար 500 դրամի մասնագիտական եւ 2 մլն 680 հազար 800 դրամի տրանսպորտային ծառայություններ: Արդյունքում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ 17-րդ հոդվածների պահանջները: Այսինքն՝ գործարքները կատարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքը շրջանցելով:
Նշենք, որ ՀՀ վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել եւ բազմաթիվ խախտումներ հայտնաբերել: ՎՊ-ն ուսումնասիրել է 2015 թվականի սեպտեմբերի 22-ից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածը: Արդյունքում պարզել է, որ ծրագրի ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար ծրագրի համակարգողի եւ ծրագրի հաշվապահի կողմից տնօրենին ներկայացված զեկուցագրերում հարցազրուցավարների, փորձագետների կողմից մատուցված ծառայությունների կատարման հիմնավորումը թերի է. չի երեւում, թե յուրաքանչյուր անձ տվյալ ամսում քանի խորացված, փորձագիտական հարցազրույցներ է անցկացրել եւ քանի ֆոկուս խմբերի մասնակցել: Ի դեպ, մեկ փորձագիտական հարցազրույցի համար վճարվել է 8000 դրամ, 1 խորացված հարցազրույցի համար՝ 10000 դրամ, 1 ֆոկուս խմբում քննարկում անցկացնելու համար՝ 12 667 դրամ, 1 կլոր սեղանի անցկացման համար՝ 20 000 դրամ: Բացի այս՝ հարցազրույցները իրականացվել են խմբերով, 1 խմբի մեջ 3 անձ է ընդգրկված եղել: Մինչդեռ պայմանագրերը չեն նախատեսում խմբակային վարձատրություն:
Իսկ, ահա, ծրագրի վարչական գծով պատասխանատուն, ըստ պայմանագրի, վարձատրվել է 1 մլն դրամ: Սակայն պարզվել է, որ նրա կատարած աշխատանքը փաստաթղթերում՝ տրանսպորտային ծառայությունների, սննդի եւ գիշերակացի ապահովման մասով չի երեւում: Ավելին՝ հարցազրուցավարների եւ փորձագետների հետ զրույցներից պարզվել է նաեւ, որ ծրագրի վարչական գծով պատասխանատու Իսակովա Լուսինե անունով աշխատակցի ծրագրի շրջանակներում չեն ճանաչում:
Նշենք նաեւ, որ դրամաշնորհային ծրագիրը իրականացնելու շրջանակում նախատեսվում է 11 ֆոկուս խմբերի իրականացում՝ 1-ական ամեն մարզում եւ Երեւանում: Սակայն կատարվել է 44 ֆոկուս խումբ եւ 108 փորձագիտական հարցազրույց՝ մեծացնելով մատուցվող ծառայությունների ծավալները: 11 ֆոկուս խմբերի անցկացումը կարժենար 418 հազար դրամ, սակայն փաստացի ծախսվել է 1 մլն 672 հազար դրամ: 30 փորձագիտական հարցազրույցը կարժենար 240 հազար դրամ, սակայն փաստացի ծախսվել է 864 հազար դրամ: Արդյունքում 1 մլն 878 հազար դրամը ավելի է ծախսվել:
Տրանսպորտային ծախսերի մասով ՊՈԱԿ-ի եւ «Յանց սերվիս» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագիր: Սակայն ՎՊ ուսումնասիրմամբ պարզվել է, որ պայմանագրում բացակայում է գնացուցակը կամ պայմանագրային գինը: Բացակայում են նաեւ պատվիրատուի կողմից նախօրոք պլանավորված ուղերթները: Ընդհանուր առմամբ «Յանց սերվիս» ՍՊԸ-ին վճարվել է մոտ 2 մլն 400 հազար դրամ: Մինչդեռ հարցազրուցավարները որոշ մարզեր գնալիս չեն օգտվել «Յանց սերվիս» ՍՊԸ-ի ծառայություններից, այն է՝ տվյալ մարզեր գնացել են պատահական տաքսիներով: Արդյունքում «Յանց սերվիս» ՍՊԸ-ին վճարած մոտ 2 մլն դրամը ենթակա է վերականգնման պետբյուջե:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԻԼԻՋԱՆԻՆ ՄԻԱՆԱԼՈՒՑ ԴԵՌ ՕԳՈՒՏ ՉԿԱ
2015թ. մայիսի 17-ին Դիլիջան համայնքի խոշորացման նպատակով տեղական հանրաքվեներ կայացան Դիլիջան քաղաքում եւ հարակից 6 գյուղերում՝ Հաղարծնում, Թեղուտում, Գոշում, Հովքում, Խաչարձանում եւ Աղավնավանքում: Հանրաքվեից առաջ պետական պաշտոնյաների կողմից բազմաթիվ գեղեցիկ խոստումներ հնչեցին, որ խոշորացումից հետո Դիլիջանում եւ հարակից գյուղերում ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր են իրականացվելու:
Նախկինում ադրբեջանաբնակ, Հախկխլու, Վուրղուն կոչված, այժմ հայեցի Հովք անունը կրող գյուղում բնակվում են Ադրբեջանի՝ նախկինում հայաշատ 10 վայրերից հարկադիր վերաբնակվածները: 2014թ. մարտի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներով գյուղապետ ընտրված, ՀՅԴ անդամ Գրիգոր Գեւորգյանը ծագումով Դաշտային Ղարաբաղի Շամխորի շրջանի Բարուն գյուղից է: Դիլիջանի եւ հարակից 6 գյուղերի միավորումից հետո նրա պաշտոնը կոչվում է Դիլիջան համայնքի Հովք գյուղի ներկայացուցիչ: Նա այդ պաշտոնը ստանձնել է այս տարվա ապրիլի 1-ին, սակայն դեռ իր հասանելիք ամսական 150 հազար դրամ աշխատավարձը չի ստացել: Տեղական հանրաքվեի ժամանակ Հովքի 440 բնակիչների մեծ մասը, ի տարբերություն Հաղարծնի եւ Թեղուտի բնակիչների, կողմ է քվեարկել Դիլիջան համայնքի մաս կազմելուն: Սակայն անցած մեկ տարում Հովքի բազմաթիվ խնդիրներից ոչ մեկը չի լուծվել: Հովքը միջպետական ճանապարհին միացնող մոտ 4 կմ ճանապարհը խիստ անբարեկարգ է: Գրիգոր Գեւորգյանն ասաց, որ անցած տարի ինքը կազմակերպել է այդ ճանապարհի խճապատում, սակայն այժմ էլ դրա կարիքը խիստ զգացվում է: Հովքը գազաֆիկացվել է, սակայն գյուղի բնակիչներից ոչ մեկը չի օգտվում բնական գազից, գյուղացիները գազատարից իրենց առանձնատներ խողովակագիծ անցկացնելու համար փող չունեն: Գազի խողովակի յուրաքանչյուրի մետրի հաշվով նրանք պետք է վճարեն գրեթե 4 հազար դրամ:
Իսկ ահա Գոշի համար ամենացավոտ հարցերից մեկը հողի սողանքն է: Գ. Գեւորգյանը հայտնեց, որ գյուղում սողանքից տուժած 60 հատ տուն կա, որոնք ունեն վթարայնության 4-րդ աստիճան: Վթարային որոշ տներ այնտեղ բնակվողների համար վտանգավոր են, քանզի կարող են փլուզվել: Գրիգոր Գեւորգյանը հույս ունի, որ Դիլիջան համայնքին մաս կազմելով՝ Հովք գյուղի աղբահանության, գիշերային լուսավորության, 17 կմ հեռավորության վրա գտնվող Դիլիջան քաղաքի հետ տրանսպորտային կապի ապահովման խնդիրները կլուծվեն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ Է
Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է: Մայիսի 17-ին տղային կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ ձախ պլեւրալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլեւրալ խոռոչի դրենավորում: Հիշեցնենք, որ նույն օրը՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում, հիվանդի մոտ սկսել էր ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է գաստրոսկոպիկ հետազոտություն եւ 12-մատնյա աղիքում հայտնաբերվել է «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել է, կարվել է խոցը, ինչպես նաեւ կատարվել է պլաստիկ միջամտություն:
Բժիշկների փոխանցմամբ՝ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հաշվի առնելով, որ Արման Լազգիյանը վիրահատվել է, բժիշկների գնահատմամբ՝ վերականգնողական բուժման նպատակով նրա՝ արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է որոշ ժամանակով հետաձգել: