Հունիսի 1-ն ազդարարում է ոչ միայն ամռան գալուստը, այլեւ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այն նպատակ ունի ուշադրությունը բեւեռել հասարակության խոցելի խմբերից մեկի վրա եւ հիշեցնել, որ երեխաներն ունեն սիրո եւ պաշտպանության կարիք: Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925-ին Ժնեւում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օրն անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1¬ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992-ին, որից հետո՝ 1996-ին, ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
«Ժողովուրդ»-ը, օրվա խորհուրդը հաշվի առնելով, զրուցել է մեր երգարվեստի կրտսեր ներկայացուցիչներից երկուսի հետ` Դավիթ Վարդանյանի, ով 2014-ին ներկայացրել է Հայաստանը «Մանկական Նոր ալիք»-ում, եւ Մերի Քոչարյանի, ով մեր երկիրը նույն մրցույթում ներկայացրել է 2015-ին:
-Ինչպիսի՞ն է 21-րդ դարի երեխան:
Դավիթ-Հիմա տեսնում եմ երեխաների, որոնք այնքան էլ աշխատասեր չեն: Իմ հասակակիցների շրջանում նկատել եմ երեխաների, որոնք երգում են մայրիկների հորդորով` չհասկանալով, թե ինչ են անում: Այնինչ պետք է սիրես քո գործը. առանց դրա առաջ գնալ չես կարող: Օրինակ` ես առանց երգելու, առանց համերգների չեմ կարող, թեեւ արդյունքում քիչ եմ տեսնում ընկերներիս եւ քիչ եմ հանգստանում:
Մերի-Զարգացած, ոմանք` նպատակասլաց, ընկերասեր, բայց նաեւ` մի փոքր ալարկոտ: Իմ շրջապատի երեխաները զբաղված են, օրինակ, համերգներով, այդ պատճառով նրանք հաճախ ժամանակ չեն ունենում բակ իջնելու: Սակայն նկատել եմ նաեւ, որ այն երեխաները, որոնք առանձնապես զբաղվածություն չունեն, եւս հազվադեպ են բակ իջնում. նրանք առավոտից երեկո համակարգչի «մեջ են»:
-Հայտնի դառնալուց հետո ձեր կյանքում ի՞նչն է փոխվել:
Դավիթ-Ես փոքրուց շատ եմ ցանկացել հայտնի դառնալ, բայց երբ այդ պահը վրա հասավ, իմ կյանքում շատ բան չփոխվեց, հատկապես ընկերներիս հետ հարաբերություններում: Փողոցում ճանաչում են ինձ. դա հաճելի է:
Մերի-Դրանից հետո հիմնականում դրական փոփոխություններ են լինում: Օրինակ` ուսուցիչները սկսում են ընդառաջել. դա հաստատ: Բայց իմ պարագայում նրանք գիտեն, որ եթե ես ժամանակ ունենայի, անպայման կկատարեի առաջադրանքը, իսկ եթե նույնիսկ չեմ կատարել այն, անպայման լրացնելու եմ բաց թողնվածը: Հայտնի դառնալուց հետո շատ է եղել, որ փողոցում տեսնեն, ճանաչեն. դա ինձ միայն ուրախացնում է:
-Ի՞նչը կարող է զարգացնել երեխաներին, բացի երգելը` դուք ի՞նչ լրացուցիչ զբաղմունքներ ունեք:
Դավիթ-Չնայած ես շատ զբաղված առօրյա ունեմ, բայց դպրոցում գերազանց եմ սովորում: Սկսել եմ երգել 4 տարեկանից եւ հասկացել եմ, որ դա է իմ սիրելի գործը, սակայն ունեմ նաեւ նախասիրություններ: Օրինակ` շատ եմ սիրում ֆուտբոլ. թե՛ խաղալ, թե՛ դիտել:
Մերի-Ինչ խմբակ էլ որ հաճախի երեխան, դա միայն կնպաստի նրա զարգացմանը: Ես, օրինակ, սկզբում երգել եմ «Արեւիկ» անսամբլում: Միգուցե եթե այնտեղ չհաճախեի, չկարողանայի բեմում պահել ինձ այնպես, ինչպես այսօր եմ պահում:
-Ձեր երազանքը:
Դավիթ-Շատ եմ երազում ներկայացնել Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում, դառնալ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ, կոմպոզիտոր, գործիքավորող:
Մերի-Ժամանակին երազում էի «Նոր ալիք» մրցույթին մասնակցել, ստացվեց: Հիմա արդեն երազում եմ ներկայանալ «Մանկական Եվրատեսիլ»-ին:
Մեր զրույցի ավարտին Դավիթը եւ Մերին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ փոքրիկներին մաղթեցին ուրախ մանկություն եւ խաղաղություն:
Աննա Բաբաջանյան