ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «ՀՀ դատախազության կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ընտրական գործընթացում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման դեմ ոտնձգող մի շարք արարքների քրեականացում … ու պատժի խստացում»: Այսինքն՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փորձում է հանրությանը համոզել, որ իբր ընտրակեղծարարներին չպատժելը օրենսդրության մեղքն է: Մինչդեռ նույն քրեական օրենսգրքի թվով 12 հոդվածներ, որոնք վերաբերում են ընտրական իրավունքին, որպես կանոն, ընտրակեղծարարության համար նախատեսում են 2-5 տարվա ազատազրկում: Եւ ուրեմն ի՞նչն էր խանգարում պատժել կեղծարարներին. իհարկե, պատասխանը պարզ է. եթե չլինեն ընտրակեղծարարները, գործող իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ ամենագեղեցիկ երազում անգամ չի կարող պատկերացնել, որ իշխանության կգա, պաշտոն կունենա: Ուստի նրանք չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Բայց միաժամանակ չեն զլանում ձեւական մասը պահել` ասելով, թե ընտրակեղծիքների մեղավորն ընտրական օրենսգիրքն է, ընտրակեղծարարներն անպատիժ են, մեղավորը քրեական օրենսգիրքն է, եւ այսպես շարունակ: Իշխանությունները կարծես որոշել են Հայաստանի ներքաղաքական կյանքը վերջնականապես վերածել Սերժ Սարգսյանի կողմից որակված կրկեսի:
Ի դեպ, նույն դատախազությունը մի քանի օր առաջ տեղեկացրել էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ 597 տարբեր տեսակի ահազանգ է եղել, որոնցից 79-ի դեպքում է քրգործ հարուցվել: Դրանցից 35 քրեական գործով 38 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է արձակվել: Բայց ոչ մի ընտրակեղծարար ազատազրկման չի դատապարտվել, այլ խորհրդանշական տուգանքներով գործերն ավարտվել են: Ինչպես կասեր Սիամանթոն՝ «Ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերձավոր շրջապատում հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքը չի պատրաստվում առաջադրվել: Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նա հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից: Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Կոնկրետ ձեր նշած խնդրի մասով ես որեւէ տեղեկության չեմ տիրապետում: Կարծում եմ՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, եւ հետո Գագիկ Ծառուկյանը մշտապես իր անելիքների ու ծրագրերի մասին անձամբ է հայտարարել, եւ կարծում եմ՝ այս հարցը եւս բացառություն չի լինելու»: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ նախկին նախագահը դեռ չի կողմնորոշվել, իր՝ քաղաքականությամբ չզբաղվելու հայտարարությունն ուժի մե՞ջ է, թե՞ ժամկետն անցել է:

 

 

 
Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում բավականին շքեղ բնակարան է գնել, եւ այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները: Այս լուրերը առանձնահատուկ հմայք են ստանում ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ ծավալած անողոք պայքարի շրջանակներում: Եւ ահա «Ժողովուրդ»-ը լուրերի իրականությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը ճշտելու համար դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից մեզ պատասխանեցին. «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: Դե, իհարկե, մեր պաշտոնյաները մի վատ սովորություն ունեն. իրենց գույքն ու բիզնեսները գրանցում են մերձավորներից մեկի անունով, ուստի իրավաբանորեն որեւէ մեկին պատկանող գույքի մասին ճշգրիտ ինֆորմացիա հրապարակելն ուղղակի անհնար է: Օրինակ` լուրեր կան, որ Արտեմ Ասատրյանի տան վերանորոգումն իրականացնում է նրա ղեկավարած գերատեսչության ծիգը:

 

 

 
Հայաստանի պետական պարտքը շարունակում է շեշտակի արագությամբ աճել եւ նորանոր ռեկորդներ սահմանել: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ պետական պարտքը հասել է 5 միլիարդ 252 միլիոն 200 հազար դոլարի: Այսինքն՝ ստացվում է, որ մեկ ամսում` ապրիլի ընթացքում, պետական պարտքն աճել է 56 միլիոն 100 հազար դոլարով: Վերը նշված թվից արտաքին պարտքը կազմում է 4 միլիարդ 459 միլիոն 100 հազար դոլար: Ուշագրավ է այն, որ վերջին մեկ ամսում պետական պարտքի աճի հիմնական մասը բաժին է հասնում հենց արտաքին պարտքին, որն աճել է 53 միլիոն 400 հազար դոլարով: Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գոյատեւել միջազգային կառույցներից եւ ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելու հաշվին: Հաշվի առնելով Հայաստանում առկա վիճակը՝ վստահաբար կարող ենք ասել, որ այս գործընթացը շարունակվելու է:

 

 

 
ՏԱՐԲԵՐԱԿ ՉՈՒՆԵՆՔ
Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախ՝ Բրյուսելում կհանդիպեն Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովին, ապա՝ հունիսի 2-ին Փարիզում քննարկումներ կունենան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ հանդիպումների նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հունիսին սպասվող հանդիպման նախապատրաստումն է:
Իհարկե, հակամարտությունը խրամատներից դեպի բանակցային սեղան տեղափոխելը միշտ էլ նախընտրելի տարբերակ է, խնդիրն այն է, թե այդ տեղափոխությունից հետո որքանով են ավելի հետ դրվում հայկական խրամատները. մի բան, որին ականատես եղանք Վիեննայի հանդիպումից հետո, երբ դիվանագիտական սեղանի շուրջ ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածությունից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը համարեց, որ եկել է անհրաժեշտ պահը՝ հանրությանը իրազեկելու եւ արձանագրելու հայկական կողմի կրած 800 հեկտար տարածքի կորստի մասին: Այդ հայտարարությունն, իհարկե, համեմվեց հայկական կողմի ունեցած ձեռքբերումների մասին պնդումներով, որոնց շատ ընդհանրական եւ հռչակագրային արտահայտությունը, այնուհանդերձ, կար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունում՝ մասնավորապես կապված սահմանագծին խախտումներն արձանագրող սարքերի տեղադրման եւ հետաքննող մեխանիզմների ներդրման շուրջ կողմերի ստանձնած պարտավորությունների հետ: Եվ հենց այստեղ է, որ Սերժ Սարգսյանն արեց հայկական կողմի համար դրական հեռանկար ուրվագծող, թերեւս, միակ հայտարարությունը, այն է՝ հայկական կողմը ցանկություն է հայտնել, որ մինչեւ հունիսին կայանալիք հանդիպումն այդ մոնիտորինգային մեխանիզմը ներդրված լինի:
Սակայն դատելով անցած օրերին այս ուղղությամբ իրականացված քայլերից՝ կարելի է առանց կասկածելու ասել, որ հայկական կողմից առաջադրված այդ նախապայմանը, կամ ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ «ցանկությունը», այդպես էլ մնալու է զուտ ցանկություն, եւ առնվազն մինչեւ հաջորդ հանդիպումն այդ ուղղությամբ ոչ մի նշանակալի տեղաշարժ չի լինելու: Հետեւաբար, հարց է առաջանում՝ արդյո՞ք արժի, որ Ս. Սարգսյանն առհասարակ գնա այդ հանդիպմանը, արդյո՞ք հայկական կողմն, ի վերջո, չպետք է որպես չքննարկվող նախապայման առաջադրի Արցախի՝ բանակցային սեղանին վերադարձը:
Ի վերջո, եթե այս անգամ էլ հայկական կողմը հեզ ու խոնարհ ներկայանա այդ հանդիպմանը, անկախ դրա արդյունքում ձեռք բերվելիք պայմանավորվածություններից, որոնք հազիվ թե լինեն վերջնական կամ գոնե բեկումնային, Ադրբեջանը համարելու է, որ ինքն արդեն լիարժեք կարող է «մարսել» ապրիլյան պատերազմը եւ նախապատրաստվել հաջորդ՝ ավելի արյունալի եւ լայնամասշտաբ ագրեսիային: Հետեւաբար, լավագույն պաշտպանությունը հարձակումն է՝ հանրահայտ ռազմավարությամբ հայկական կողմն, ի վերջո, պետք է առավելագույնս կոշտացնի իր դիրքորոշումը, հարկ եղած դեպքում՝ պատրաստ լինելով անգամ ամենադժվար զարգացումներին:




Լրահոս